Քաղաքական 

Տորմուզ են անում. Էդմոն Մարուքյանը նշեց, թե որ կադրերից պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանը

Այստեղ շատ են խոսում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ տպավորություն կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, և նախկինների մասին անընդհատ չի խոսվելու, սակայն դա չի ընդհատվում: Այսօր կա իշխանություն, մարդիկ փոխարեն կենտրոնանան այս իշխանության վրա, կենտրոնացած են նախկինների վրա: Հարց է առաջանում՝ հնարավոր է, որ նախկին իշխանություններին այդքան թիրախավորելով, փորձ արվի ծածկել այսօրվա խնդիրները: Այո, ես ունեմ նման տպավորություն: Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Խոսելով հետհեղափոխական կառավարության մասին՝ Մարուքյանը նշեց, որ այն կառուցված է երկու մասից՝ հեղափոխությանը մասնակցած մարդիկ և հեղափոխությանը չմասնակցած մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի և տարբեր վարչապետերի օրոք եղել են երկրորդ պլանում, օրինակ՝ փոխնախարարներ. «Մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են: Նրանք չեն հավատում, որ 5 տոկոսից ավել տնտեսական աճ հնարավոր է, դրա համար վարչապետին ասել են, որ պետք չէ գրել 7, 8 գրենք 5: Նրանք չունեն հեղափոխականների երազանքը, որովհետև հեղափոխականներ չեն: Այդ մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի օրոք եկած ծրագրերը նորմալ են եղել: Առաջին բանը, որ վարչապետը պետք է անի, պետք է ազատվի Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանում եղած մարդկանցից: Այստեղ անձնական բան չկա: Ուղղակի այդ մարդիկ չեն հավատում հեղափոխության երազանքներին, դրա համար տորմուզ են անելու բոլոր ռեֆորմները: Դրա համար պետք է գտնել այլ մարդկանց և նրանց ներգրավվել, մասնագետների, ովքեր լավ մասնագետներ են»:

Ինչ վերաբերում է անվտանգության սեկտորին, այստեղ ևս, Մարուքյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանում եղած մարդիկ են. «Ես նայում եմ 12-13 նշանակված մարդկանց ու տեսնում եմ, որ հեղափոխության մասնակիցները թվային առումով զիջում են Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանում աշխատած մարդկանց: Այդ մարդիկ կապ չունեն հեղափոխության հետ»:

Մարուքյանը հայտարարեց, որ Փաշինյանի նշանակած կադրերն ազդում են նրա վարկանիշի վրա և այդ կադրերով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, ինչի համար բավարար է նույնիսկ կառավարության կառուցվածքի հետ կապված հարցը, սակայն դա միակ պատճառը չէ:

Նույն շարքից