Այն մարդիկ, ովքեր փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից պետք է հայ առաքելական եկեղեցու պատմությունն իմանան, և որոշ կարևոր դրվագներ։ Օրինակ` ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկն էր, բայց այսօր մենք Հայ առաքելական եկեղեցի ունենք Պապ թագավորի շնորհիվ, ով ասաց, որ մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնա Կեսարիայում օծվի, մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս, և մեր Կաթողիկոսը պետք է օծվի մեր հայրենիքում։ Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև ազգային դպրոց գաղափարին՝ հարց ուղղելով, թե ինչ են հասկանում ազգային դպրոց ասելով․ «Ազգային դպրոց ասելով մենք ի՞նչ նկատի ունենք, դա այն է, որ՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի նկարը կախում են կամ ենթադրենք, տակով անցկացնում են, դռներն էլ փակում են, որ ուսանողներն ու երեխաներն իրենց կարծիքը չկարողանան արտահայտ՞ել, դա՞ է ազգային դպրոցը»։
Վարչապետի խոսքով, 21-րդ դարում այն մարդը, ով առնվազն երկու լեզու չգիտի, բարձրագույն կրթություն չունի, ուզում է 65 հատ դիպլոմ ունենա։ Վերադառնալով Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն իրեն համարում է խորը հավատացյալ մարդ․ «Ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ ընդ որում հավատարիմ հետևորդ։ Բայց ես կարծում եմ, որ հիմա նույն ժամանակներն են՝ պատմական նույն կոնտեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ էր։ Ասում էր՝ ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել, ասում էր՝ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պետք է աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պետք է լինի, ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես։ Բա մենք էլ ենք ասում՝ ժողովուրդ ջան, հարկ պետք է վճարենք՝ նեղանում են»։