Խորհրդարանում ընդդիմության նկտամամբ կա տոտալ անհանդուրժողական վերաբերմունք, ինչը, ըստ էության, խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը վատ է, բայց խորհրդարանը նաև այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են, ես վստահ եմ, որ նրանք կսթափվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման մասին:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե ինչու ԼՀԿ-ն իր գրասենյակի առաջ չի կախել Վատիկանի դրոշը, Մարուքյանը նախ նշեց, որ իրենց գրասենյակի մոտ կախված չէ ԱՄ-ի, ԱՄՆ-ի դրոշը՝ հավելելով, որ Վատիկանի դրոշը կարող են կախել իրենց գրասենյակներում:
Էդմոն Մարուքյանին դուր չեն գալիս անընդհատ հնչող խոսակցությունները, թե իրենք հեղափոխության համար որևէ բան չեն արել: Նրա խոսքերով, իրենք մեծ ներդրում ունեն կատարվածի մեջ, սակայն երբեք կրեդիտ չեն ուզել դրա համար և միշտ ասել են, որ Նիկոլ Փաշինյաի թիմն է արել հեղափոխությունը. «Մարդիկ գիտեն, թե ով ինչ է արել, երբ է արել: Մի տեսակ ուրանալու ժամանակ է սկսվել: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, ինչքան ենք լսելու այս խոսակցությունները»:
Վերադառնալով Վատիկանի թեմային, Մարուքյանը նշեց, որ այդ մասին Փաշինյանն իրենց հարցեր չի տվել այն ժամանակ, երբ իրար հետ մեկ դաշինքում էին «որովհետև նա անգիր գիտի, որ կապ չկա»: Այդ գրասենյակի մասին, որ խոսեց, մեր մասին չէր խոսքը, մեր գրասենյակի մոտ ուրիշ դրոշներ չկան:
Մարուքյանը նշեց, որ հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ ԼՀԿ-ի քաղաքականությունը եփվում է իրենց գրասենյակներում, գլուխներում և բոլորը լավ գիտեն այդ մասին, իսկ այդ էժան խոսակցությունները ցածր մակարդակի են իջեցնում կարևոր փաստաթղթի մասին քննարկումները. «Ինչ, Փաշինյանն ուզում է, որ ծափ տայինք: Հյուսիսային Կորեայում է այդպես: Մարդը կանգնում է ձեռ է առնում ընդդիմությանը, վարչապետը ծափ է տալիս, որ մյուսներն էլ ծափ տան, հետո ներողություն է խնդրում, ինչից հետո նորից ձեռ առնում: Ես նման բան թույլ չեմ տա:
Վարչապետը պետք է հիշի, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ: Եթե ընդդիմադիր եղած ժամանակ նման հռետորաբանությամբ խոսում էր կոռումպացված իշխանությունների մասին, այսօր չի կարող այդպես խոսել: Սա ցույց չի, գործադիր իշխանություն չէ: Հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի միջև տարանջատում պետք է լինի: Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն շատ վատ պահեց»: