գլխավոր 

Արագ բացահայտել այդ մարդկանց. Փաշինյանը 15 կետանոց հանձնարարականների ցանկ տվեց կառավարությանը

Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկման արդյունքում կարող եմ արձանագրել, որ հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործողության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ապա առանձնացրեց մի քանի ուղղություններ և հանձնարարականներ, որոնց ուղղությամբ կառավարությունը և առանձին նախարարությունները պետք է աշխատեն.

1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.Կարգավորումների ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:
3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով:

6.Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100.000 դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից:

7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել:

8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:

9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ:

11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում:

12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջ ուղղությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար:

13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ:

14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:

15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Ապա Փաշինյանը մանրամասն ու կետ առ կետ ներկայացրեց այն, ինչ ենթադրում են վերոնշյալ հանձնարարականները:

 

 

Նույն շարքից