Կառավարությունը որոշեց դեռ չընդունել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման մասին նախագիծը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյա տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն ղեկային տեղաբաշխման միջոցները, որոնց ձեռքբերման վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Խոսքը վերաբերում է 830 տրանսպորտային միջոցի:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց մյուս կողմի հետ եղած պայմանավորվածության մասին, որ խոսքը պետք է վերաբերի միայն այն մեքենաներին, որոնք այդ օրվա դրությամբ գտնվել են մաքսային գոտում՝ անցել են Վրաստանի տարածքiց և մտել մաքսային գոտի:
Արշակյանը նշեց՝ քանի որ չափելիությունը շատ հստակ չեն կարողանում իրականացնել, սահմանափակումը դրվել է գնման ժամկետի վրա:
«Այն ժամանակ ինձ ասում էին, որ կարող են ներկայացնել բոլոր մեքենաներն իրենց VIN կոդերով: Հիմա այսպես լղոզված ձևակերպումներ տալով մենք լուծում չենք տալիս հարցին: Եղել է պայմանավորվածություն, որ VIN կոդերով մեքենաները ներմուծվում են և թեմային այլևս չենք անդրադառնում»,-ասաց Փաշինյանը :
Նախարար հայտարարեց, որ բարդություններից խուսափելու համար է որոշվել գնման ժամկետով առաջնորդվել:
«Բայց հիմա կարող է պարզվի, որ 10 հազար գնված մեքենա կա: Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք ու այլ բան անենք: Խոսքը պետք է վերաբերի այն մեքենաներին, որոնք գտնվում են մաքսային գոտում»,-նշեց Փաշինյանը:
Նախարար Արշակյանը նշեց, որ այդ դեպքում խոսքը վերաբերում է 450 ավտոմեքենայի: Նա ասաց, որ լրամշակում կարվի ու նախագիծը նորից կներկայացվի: