Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։
Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։
Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։
«Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է այն առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։
Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։«Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված. մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։
Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։
Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը կարևորել է մեր երկրի ավանդույթները բնական գիտությունների ոլորտում։
«Նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես՝ Հայդելբերգի հետ։ Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մեթամատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին։
Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես գործընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։