Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռի միաբանության, օրերս տեղի է ունեցել քննարկում` նվիրված ՀՀ սահմանադրական բարեփոխումներին:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում կազմակերպված հանդիպմանը հրավիրված է եղել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով միաբանությանը ներկայացրել է հայեցակարգի դրույթները և հանգամանորեն անդրադարձել բարեփոխումների կարևորությանը` հայեցակարգի տարբեր դրույթների շուրջ տալով անհրաժեշտ լուսաբանություններ:
Քննարկման ընթացքում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականները հայեցակարգի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները: Հանդիպման մասնակիցները կարևորել են ներկայացված փաստաթղթի շուրջ հանրային քննարկումները` հույս հայտնելով, որ լրամշակված հայեցակարգը և նախատեսվող բարեփոխումները, համահունչ ժամանակի հրամայականներին, կծառայեն Հայրենիքի հզորացմանն ու ժողովրդի բարօրությանը: