Քաղաքականություն 

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ընդլայնման կարիք ունի

analitik.am

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ամեն օր մինչեւ 1500 այցելուի է սպասարկում: Նրանց մի մասը նախընտրում է ընթերցել և աշխատել հենց տեղում՝ ընդամենը 50 քմ տարածքով ընթերցասրահում:

Գրադարանի տարածքային խնդրին Երևանի քաղաքապետարանը քաջատեղյակ է: Այժմ քննարկվում են հնարավոր լուծումները: Գրադարան այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ծանոթացան առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկեցին տեղում:

«Սա ընդլայնման հնարավորության առաջարկ է: Հիմնականում բաղկացած է լինելու երկու ընթերցասրահներից: Սրանք մի քիչ, այսպես ասած, ազատ կերպարի ընթերցասրահներ են: Ունենք նաև հարթակներ՝ քննարկումների համար»,-ներկայացրել է ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը:
«Ընդհանուր տարածքը, որն ունի գրադարանն իր ենթակայության ներքո քիչ է: Մենք գլխավոր ճարտարապետի և գրադարանի տնօրինության հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք գտնել տարածքային համալրումների համար տարբերակներ: Գրադարանը գտնվում է քաղաքի սրտում և ցանկացած ճարտարապետական միջամտություն կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ուստի, դրանք պետք է լինեն ընդունելի բոլորի համար»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Գրադարանին անհրաժեշտ են նոր ու բոլորի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարվետ պայմաններով ընթերցասրահներ: Թե ո՞ր հատվածից և ինչպե՞ս կընդլայնվի գրադարանի տարածքը, մասնագետները կորոշեն առաջիկայում:

«Ուզում եմ հույս հայտնել, որ անպայման կգտնվի որևէ լուծում, և Երևանի ընթերցողները սպասում են այդ լուծմանը» ,-նշում է Հասմիկ Կարապետյանը:

Գրադարանի տարածքի ընդլայնման գաղափարը կյանքի կոչելու գործին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Գիտեք, որ այսօր գրադարանում գործում է «Ամերիկյան անկյուն»: Իրենք պատրաստակամ են նաև տեխնիկական վերազինումն իրականացնել, ինչը ևս շատ կարևոր է»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից մեկնարկող բարեփոխումների համընդհանուր ծրագիրը կշարունակվի Երևանի համայնքային մյուս գրադարաններում:

«Մենք փորձելու ենք համայնքային ենթակայությամբ գործող բոլոր գրադարանները բերել այսպիսի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի: Ցավում եմ, որ որոշ գրադարաններում ուեննք ընթերցողի պակաս, և այստեղ կառավարման աշխատանք պետք է տանենք, որ գրադարանները լինեն հետաքրքիր ընթերցողի համար»,- ընգդծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանն առաջիկա տարիներին կշարունակի գրադարաններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և ընթերցողներին գրադարան բերելու նախաձեռնությունները:

Նույն շարքից