Հայաստան 

Արցախի ամենամեծ հարստությունը ժողովրդի մտավոր ներուժն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. 

Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ:


 ՈՒղերձում ասված է.   

 

 

«Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

 

Տիկնայք եւ պարոնայք,

 

Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին:

 

Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի եւ արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է եւ կարեւոր: Այսպիսի ձեւաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում եւ առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների եւ մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին:

 

Արցախում հատուկ տեղ է հատկացվում այս կարեւորագույն հարցերին, հատկապես` հաշվի առնելով կրթության ու գիտության նշանակությունը մեր երկրի եւ ժողովրդի կյանքում: Կրթության ոլորտը համարվում է մեր պետության զարգացման ռազմավարական առանցքային ուղղություններից մեկը: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը եւ հետեւողական կատարելագործումը մեծապես  կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի եւ գործնական շփումների հաստատումից ու պահպանումից:  Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին, քանի որ որակյալ եւ անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների եւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրամասերից մեկը:

 

Համոզված եմ, որ համաժողովն արդյունավետորեն կլուծի իր առջեւ դրված խնդիրները եւ օգտակար ազդեցություն կունենա մեր հանրապետությունում կրթության զարգացման գործընթացի վրա: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպել են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը: Այն տեղի կունենա հունիսի 27-29-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից