Հայաստան Քաղաքականություն 

Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների

Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին: Այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը:

Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխությամբ:

Այսպիսով, կառավարությունն իր ծրագրի, տնտեսական հեղափոխության իրականացման հարցում մարդուն, քաղաքացուն դիտում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Կառավարության ծրագիրն ազդարարում է, որ տնտեսական հեղափոխությունն իրականացվելու է ոչ թե հանուն քաղաքացու, այլ քաղաքացու միջոցով: Սա է կառավարության ծրագրի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, որը, դժբախտաբար պրոեկցվում է իշխանության ողջ գործունեության վրա:

Լայն իմաստով, թավշյա հեղափոխությունը ևս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Դրա վկայությունն է նաև այն, որ անցած տասն ամիսների ընթացքում մարդու, քաղաքացու համար հեղափոխությունը առարկայական ոչինչ չի արել, այլ շարունակում է առաջնորդվել մարդուց, քաղաքացուց ինչ-որ բան ակնկալելու մարտավարությամբ:

Հազարամյակների ընթացքում մարդ-աշխատանք հարաբերության առումով մարդկության պատմությունը ձևավորել է երկու մոտեցում՝ «աշխատանքը մարդու համար» և «մարդը աշխատանքի համար»: Առաջինը մարդակենտրոնության աշխարհայացքային հիմքն է, երկրորդը՝ մարդու շահագործման քաղաքականության հենքը:

Կառավարության ծրագիրն ու իշխանության ողջ քաղաքականությունը «մարդը աշխատանքի համար» կենսափիլիսոփայության արտահայտությունն է: Հայկական թաշյա և տնտեսական հեղափոխությունները մարդակենտրոն չեն, դրանք ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների, որոնց համար մնացյալ քաղաքացիները միջոցներ են՝ իրենց նպատակներին հասնելու ճանապրահին:

Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարևոր նպատակը: Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյան

  • 151
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    153
    Shares

Նույն շարքից