Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ երեկ երեկոյան 22։30-ին կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը և ընդգծեց, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:
«Մեզ մոտ գազատարն է վնասվել, մի տուն է հրդեհ ընկել մի կերպ հանգցրել են, բնակիչների տների պատերը, տանիքները, ապակիները, գույքը լրիվ ավերվել է: Խոշոր տրամաչափի գնդացիրներով են կրակել»,- ասաց նա:
Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ գիշերը հրդեհ է բռնկվել հայ-ադրբեջանական սահմանի չեզոք հատվածում, և կրակը շարունակում է մինչ այսօր:
«Ամբողջ գյուղը ծխի մեջ է: Քիչ առաջ մեր գյուղացի բնակիչը ուզում էր իր այգին էդ հրդեհից փրկի, կրակում են անընդհատ: Արդեն ոչ մեկ իր այգի դուրս չի գալիս, որովհետև մեկը շարժվում է թե չէ, դիպուկահարը կրակում է»,- ասաց նա և նշեց, որ եթե կրակը երկար շարունակվի հնարավոր է մեծ նյութական վնաս հասցնի գյուղին:
Տավուշի մեկ այլ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հաստատեց, որ այս անգամ կրակոցները սովորականից անհամեմատ մեծաքանակ են եղել:
«Տանիքներին, պատերը ավերվել են, ի՞նչ կարամ ասեմ, կրակել են ու էն էլ շատ: Պատկերացրեք, որ ամեն կրակոցով մի վնաս լինի ինչ կլինի էդ տների վիճակը»,- ասաց նա:
Գյուղապետը նաև նշեց, որ իրենց գյուղում էլ է ծուխ՝ Այգեպարի կողմից է գալիս: