ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է հնդկական Ջամմուի և Քաշմիրի նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ և կոչ է արել Պակիստանին ապաստան չտրամադրել ահաբեկիչներին:
«ԱՄՆ-ն դատապարտում է երեկվա սարսափելի ահաբեկչությունը հնդկական անվտանգության ծառայությունների դեմ։ Իմ մտքերն ու աղոթքները հասցեագրված են զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Մենք համերաշխություն ենք ցուցաբերում Հնդկաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում` Պակիստանը չպետք է ապաստան տա ահաբեկիչներին, որոնք սպառնում են միջազգային անվտանգությանը »,-գրել է Պոմպեոն թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Հնդկաստանում Ջամմու և Քաշմիրի նահանգներում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 45 մարդ: Հարձակման պատասխանատվությունը կրում է «Ջեյշ-էլ-Մուհամադ» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերին լիակատար ազատություն է տրվել ահաբեկչության դեմ պայքարում: Նա նշել է, որ հարևան Պակիստանը, որը լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է՝ այդ կերպ փորձում է ոչնչացնել Հնդկաստանը, բայց «նրանց պլանները երբեք չեն իրականանա»: