Հասարակություն 

Մինչև հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է...Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով որպես փոխլրացնող, այնուհետև պատասխանել նաև քննարկման բանախոսների և մասնակիցների հարցերին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գևարայի մասին հատվածին, որտեղ ասվում է, որ իրական հեղափոխականն այն քանդող ուժն է, որից հետո նոր կառույցներ պիտի գան, և իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում: Այս համատեքստում իր այժմյան զգացողության և մտածելակերպի մասին հարցադրմանը վարչապետը պատասխանել է. «Սա ամենակարևոր հարցերից է, որովհետև իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, հենց այդպիսին է: Նաև այն համատեքստում, որ ասում են՝ այսպես ասում է, այնպես անում, շատ կարևոր հարց է:

Ես տեքստի ընթերցումն ավարտել եմ 2018 թ. փետրվարին: Բնականաբար, 2 ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր, և երբ եկավ 2018 թ. ապրիլը և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ վարչապետ», այս տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր: Ես մտածում էի հեղափոխության այն բանաձևի մասին, որը գրվել է, և ես ի՞նչ պետք է անեմ այդ իրավիճակում: Անկեղծ ասած, իհարկե, մտածել եմ, որ այդ իրավիճակում, երբ արդեն առաջին փուլն ավարտված է, պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի առաքելությունն ավարտված է: Բայց երբ ինձ հասկանալի է եղել՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո. Հայաստանի վարչապետ կդառնա, օրինակ, Կարեն Կարապետյանը կամ ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր: Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի կզգա իրեն, կներեք այդ բառի համար, օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Մինչև հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է, և միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, հետևյալն է. ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել ծախված ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, դրանց ծառայեց և թողեց, գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, և քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա. «Այս գրքի լեյտմոտիվներից կարևորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարևոր դեր ունեցավ, երբ ես, իմ և իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով, հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաև այս գիրքը, այս գրվածքն այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետևողական ընկալման ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան և կոչ արել ավելի շատ կարդալ արդի հայ գրականություն: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ և վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:

 

  • 136
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    138
    Shares

Նույն շարքից