Վերջին շրջանում քաղաքական տեղեկատվության տեղատարափն այնքան շատ է, որ հաճախ չեն նկատվում պետական գործիչների իրոք լուրջ քայլերը: Ամեն ինչին հումորով վերաբերվելու տենդենցն այնքան է խորացել, որ ետին պլան են մղվում այն գործիչներն, ովքեր իրոք գործ են անում, փորձում են արտաքին հարաբերություններ կարգավորել, ի նպաստ Հայաստանի քայլեր ձեռնարկել: Կարծես թե քննարկումներից դուրս է մնում նաև ՀՀ կարևորագույն պաշտոններից մեկը զբաղեցնող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ Սարգսյանն է հենց Հայաստանի դեմքն աշխարհում` փորձեցինք ուսումնասիրել, թե անցած շաբաթվա ընթացքում ինչ հանդիպումներ է ունեցել վերջինս և ինչ հարցերի շուրջ քննարկումներ է անցկացրել:
Շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանն ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ, որոնց լրջությունը գուցե չի գիտակցվում, կամ էլ գուցե գիտակցաբար անտեսվում է: Նախ բավականին հետաքրքիր է նախագահի այցը Գերմանիա, որտեղ նա հանդիպել է Հայդելբերգի քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ: Նշենք, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենազարգացած քաղաքներից մեկն է, որի հետ համագործակցությունը կարող է բազմաթիվ օգուտներ բերել Հայաստանին:
Հետաքրքիր էր նաև Սարգսյանի այցը Հայդելբերգի համալսարան: Նշենք, որ այն Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է: Այստեղ Սարգսյանը նույնպես խոսել է հնարավոր համագործակցության մասին, ինչը Հայաստանին համար շատ օգտակար կարող է լինել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հանդիպումն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ Սարգսյանը շեշտադրումներ է կատարում Լատվիայի հետ կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության վրա:
Ներդրումների ներգրավմանն ուղղված հանդիպումների շարքին կարելի է դասել Արմեն Սարգսյանի և խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ հանդիպումը:

Վերլուծելով այս հանդիպումը` կարող ենք փաստել, որ Սարգսյանն այս հանդիպման միջոցով փորձել է Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորություններ ստեղծել։ Հասանելի տեղեկատվական աղբյուրներից պարզում ենք, որ անդրադարձել է կատարվել արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին: Եթե այս հանդիպման քննարկման թեման իրականություն դառնա, ապա Հայաստանի համար դա ոչ միայն ներդրումային լրջագույն նախագիծ կարող է լինել, այլ նաև գիտական առաջընթացի հիմքեր ստեղծել:
Շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է մասնակցել նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ: Ի դեպ, հանդիպումը կայացել է ալբանական կողմի նախաձեռնությամբ։ Այս հանդիպման մասին հասանելի տեղեկությունները փաստում են, որ քննարկվել է համագործակցային չիրացված ներուժի ուղղությամբ հետևողական աշխատանքին ուղղված գործողությունները երկու երկրների կողմից:

Կարևոր հանդիպումների շարքին կարելի է դասել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպումը, որի ընթացքում Սարգսյանը վերջինիս հրավիրել է պաշտոնական այցով գալ Հայաստան:
Արմեն Սարգսյանի հանդիպումներից առանձնահատուկ կարևորություն կարելի է տալ նաև «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ հանդիպմանը:

Հատկանշանական է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը նորից քննարկել է արհեստական բանականության մշակման հարցում գործակցության հարցը, ինչից կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի համար գիտությունը կարևորվում է՝ որպես տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Ի դեպ, հանդիպման ընթացքում Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը:
Հետաքրքիր է նաև տեսնել, թե ինչ ջերմությամբ է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ընդունում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին.
Ի վերջո հանդիպումների երկար շարքը կարող ենք եզրափակել Արմեն Սարգսյանի և Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումներով:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավականին ակտիվ հանդիպումներ և քննարկումներ է ունենում շաբաթվա կտրվածքով՝ մշտապես ընթերցողներին կտեղեկացնենք հակիրճ նախագահի գործունեությունը, ինչպես նաև կանդրադառնանք այն հարցերին, թե ինչ արդյունք տվեց այս կամ այն հանդիպման և քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը կամ քննարկված համագործակցության թեման:
Անդրադառնալով ձեռբքերումներին՝ նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») : Այն ստացել է «Armenian Summit of Minds» անվանումը և կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Այս լուրի մասին գուցե մամուլում հայտնվել է տեղեկություն, սակայն այն որևէ կերպ քննարկման թեմա չի դարձել՝ չնայած որ կարելի է բավականին լուրջ ձեռքբերում համարել, որն իրականություն է դարձել բացառապես Արմեն Սարգսյանի ջանքերով: Այս միջոցառման քննարկման հիմնական թեման ունենալու է «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը: Սա շատ կարևոր է միջոցառում է նաև տարբեր երկրներից բավականին հայտնի բանախոսներ ներգրավվելու տեսանկյունից, քանի որ նախատեսվում է նրանց ճանաչողական այցեր ՀՀ տարբեր մշակութային և պատմական վայրեր:
Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին:



