Մենք չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել տրոլլինգի, ձեռ առնելու, մուննաթի և որոշ դեպքերում նաև սպառնալիքների: Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով կառավարության ծրագրի քննարկման մասին և նշելով, որ իրենց համար դա անակնկալ է եղել:
Մարուքյանը նշեց, որ խորհրդարանական շաբաթից հետո Լուսավոր Հայաստան կուսակցությունը հարձակման տակ է հայտնվել իշխանական լրատվամիջոցների և սոցկայքերում որոշ օգտատերերի կողմից, ինչի մասին կուսակցությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ. «Որևէ բան մեզ չի կանգնացրել և չի էլ կանգնացնելու: Մենք զուսպ, հետևողական, հավատարիմ մեր սկզբունքներին շարունակելու ենք աշխատել»:
ԼՀԿ առաջնորդը նշեց, որ մոտ ժամանակներս սահմանադրական բարեփոխումների փաթեթ են առաջարկելու, որը հնարավոր է անել ԱԺ մակարդակում. «Փաթեթը պատրաստվել է դեռ ԵԼՔ դաշինքի ժամանակ, իմ կողմից, որպեսզի առաջարկեինք, սակայն սկսվեց հեղափոխության պրոցեսը և դրան ժամանակ չեղավ: Խոսքը վերաբերում է խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացմանը»:
Մարուքյանի խոսքերով, Հայաստանը դեռ ամբողջությամբ չի անցել խորհրդարանական համակարգի և իրենց նախաձեռնությունը միտված է նաև դրան, որ այդ պրոցեսը սկսվի. «Դրան բնականաբար պետք է գումարվի սուպերվարչապետականից հրաժարվելու հարցը: Ամեն ինչ փուլ առ փուլ պետք է արվի»: