Հասարակություն 

Գլխավոր դատախազության նոր պարզաբանումն աղմկահարույց նշանակման մասով

Քանի որ Հ. Մաշադյանի դատախազ նշանակվելու շուրջ նախորդ օրերին սկսված աժիոտաժից ակնհայտ դարձավ, որ քաղաքացիների, օգտատերերի ու լրագրողների մեծ մասը չգիտի ու ջանք չգործադրեց օրենքը վերցնելու և իմանալու՝ ինչով է կայազորի դատախազի պաշտոնը տարբերվում կայազորի դատախազության դատախազի պաշտոնից, հարկ եմ համարում ընդամենը հղում կատարել Դատախազության մասին գործող օրենքի նորմերին: Համաձայն դրանց՝ (Հոդված 21)
Կայազորի զինվորական դատախազը
1) ղեկավարում և կազմակերպում է կայազորի զինվորական դատախազության գործունեությունը.
2) կատարում է իր տեղակալի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ զինվորական դատախազին՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին կայազորի զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
5) վերահսկողություն է իրականացնում կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Այսինքն կայազորի զինվորական դատախազը հանդիսանում է այդ ստորաբաժանման ղեկավարը:

Իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նկարագրում է կայազորի զինվորական դատախազության կառուցվածքը և գործառույթները: Ըստ այդմ՝
1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, կայազորի զինվորական դատախազի տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է զինվորական դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:
վերոնշյալ հոդվածի բովանդակությունից կարծում եմ ակնհայտ է, որ կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, որին 2018թ. մարտին նշանակվել է Հ. Մաշադյանը, պաշտոնների դասակարգման մեջ ամենացածր օղակն է: Հուսով եմ հետագայում նման հարցադրումներ առաջանալիս գոնե հարկ կհամարեն բացել ու կարդալ օրենքը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Նույն շարքից