Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) ներկայացուցչական ժողովի առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից Մայր Աթոռ ժամանած երիտասարդական միությունների շուրջ վաթսուն ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպումն սկսվել է ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի խոսքով, ով ներկայացրել է առաջիկա օրերին կայանալիք Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովի օրակարգը: Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն 2015թ. Մայր Աթոռում գումարվելիք ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի նախապատրաստմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միջթեմական երիտասարդական համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սրբազանը վստահություն է հայտնել, որ ժողովը կնպաստի տարբեր թեմերի երիտասարդական կառույցների միջև կապերի առավել արդյունավորմանը և կզորացնի սերը և հավատարմության ոգին հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետը:
Այնուհետև թեմերի երիտասարդ ներկայացուցիչներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ է ընդգծել, որ երիտասարդների ներկայությունը եկեղեցական կյանքում առանձնակի ոգևորություն ու խանդավառություն է պարգևում` լավատեսություն ներշնչելով, որ Հայոց Եկեղեցին ապահով ձեռքերում է: Նորին Սրբությունը գոհունակությամբ է փաստել, որ աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ հայորդիները նախանձախնդիր ոգով ու նվիրումով, հավատարիմ իրենց հայրերի հավատքին ու սիրուն, գալիս են շարունակելու Հայ Եկեղեցու սրբազան առաքելությունը: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է հայտնել թեմակալ առաջնորդներին` երիտասարդությանը դեպի Մայր Եկեղեցի առաջնորդելու և նրա կապը Եկեղեցու հետ ամուր պահելու համար:
Անդրադարձ կատարելով Հայ Եկեղեցու և հայ հավատացյալի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր մտահոգությունն է հայտնել որոշ կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեության, ինչպես նաև Հայ Եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող հակաեկեղեցական ուղղորդված քարոզչության առիթով: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորել է երիտասարդական խորհուրդների և միությունների գործունեությունը` միտված ազգային-եկեղեցական կյանքում նման անցանկալի երևույթների կանխարգելմանը և հոգևոր-ազգային արժեքների զորացմանն ու քարոզչությանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀԵԵՄ ծրագրերի մասին` Նորին Սրբությունը հորդորել է երիտասարդներին իրենց երկրներում և համայնքներում ամենքին հաղորդ դարձնել Հայոց ցեղասպանության իրողությանը` այդպիսով իրենց ներդրումը բերելով հայ ժողովրդի 20-րդ դարի մեծագույն ողբերգության համընդհանուր ճանաչման գործընթացին: Վերջում Գարեգին Բ կաթողիկոսը թելադրել է երիտասարդներին ավելի մեծ հանձնառությամբ գործել ի նպաստ ազգային-եկեղեցական շահերի պաշտպանության: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են ՀԵԵՄ առաքելության զորացմանն ուղղված ծրագրերին և հետագա անելիքներին: