Հասարակություն 

Մահացել է Բորիս Բալայանը

Փետրվարի 18-ին, ծանր հիվանդությունից հետո, 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բորիս Բալայանը` պաթանատոմիական ծառայության ռահվիրաններից մեկը:

Բորիս Հայկի Բալայանը ծնվել 1936 թվականին Արցախում:

1958 թվականին ընդունվել և 1964-ին ավարտել է Անդիջանի (Ուզբեկստան) բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1964-1973 թվականներին ղեկավարել է Բուխարայի ուռուցքաբանական դիսպանսերի պաթոհիստոլոգիայի լաբորատորիան:

Սանկտ Պետերբուրգում ասպիրանտուրան ավարտելուց հետո 1973թ. պաշտպանել է թեկնածուական թեզը:

1980 թվականին Բորիս Բալայանը տեղափոխվել է հայրենիք, որտեղ 1982-2010թթ. ղեկավարել է Շտապ օգնության քաղաքային հիվանդանոցին կից պաթանատոմիական կենտրոնը, հանդիսացել Երևանի գլխավոր պաթանատոմը:

Նա երկար տարիներ համատեղել է պրակտիկ գործունեությունը գիտամանկավարժականի հետ` որպես  Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի դոցենտ:

1988 թվականին Բորիս Բալայանին շնորհվել է բժիշկ-պաթանատոմի բարձրագույն որակավորում:

1992-1993թթ., Բորիս Բալայանը գործուղվել է Արցախ, որտեղ կազմակերպել է պաթանատոմիական ծառայությունը, որը գործում է մինչև օրս:

2005 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, ստացել պրոֆեսորի կոչում:

2006-2009 թվականներին Բորիս Բալայանը նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի վարիչ, 2009-ից` Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ-ի Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Նա հեղինակել է  ավելի քան 200 գիտական հոդվածներ և մենագրություններ:

Առողջապահության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում մեծ գիտնականի ընտանիքին և հարազատներին:

Բորիս Բալայանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 19-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)` 18:00-ից սկսած, հուղարկավորությունը` փետրվարի 20-ին, ժամը 13:00, նույն տեղից:

 

Նույն շարքից