Գլխավոր Հասարակություն 

Ես ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց ու քայլիր. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կա Մեծարենց, կա Տերյան, և էլի շատ պոետներ կան, բայց Թումայնանն է անհաս, Արարատը մեր նոր քերթության: Դսեղում Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  իր խոսքը սկսեց Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված Եղիշե Չարենից խոսքերով:

Փաշինյանի խոսքերով, հաճախ չի պատահում, որ պոետը պոետի մասին գովասանքի խոսքեր ասի. «Սա խոնարհումի խոսք է և վկայությունն այն բանի, որ մեր ունեցած Արարատը մեկը չէ: Ինչպես տեսնում եք, ինչպես Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ մենք ունենք Արարատ և այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում է: Սրանով Թումանյանի մասին, ըստ երևույթին, ամեն ինչ ասված է»:

ՀՀ վարչապետը նշեց, որ ինքն ուզում է խոսել Թումանյանի մասին որպես առանձին վերցված մարդու. «Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին: Ով էր այդ մարդն ու ինչպես դարձավ Արարատ: Նա գյուղացի մի պատանի, մի երիտասարդ, նույնիսկ կարելի է ասել աղքատ ընտանիքից մի մարդ էր, ով ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ: Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները, աղքատություն, սով, ապրելու անհնարինություն: Կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, սպանել, ցածրացնել՝ կենցաղի մեջ և այլն: Թումանյանը բարձրության հասել է միայն ինքն իրեն հավատալով, կրթությանը հետևելով: Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել ուսումն ու գնացել աշխատել, չարքաշ աշխատանքով ապրել: Այն ժամանակ, երբ թվում էր, թե պետք է ծնկի, նա վեր է կացել ու քայլել, քայլել է այնտեղ որտեղ չկար ճանապարհ, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին: Նրա ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր, մի ծնկիր, մի խեղճացիր, մի նվաստացիր, մի չարացիր, մի կասկածիր քո ուժին, հայրենիքին, անցյալին ու ապագային: Սա էր Թումանյանի ուղերձը: Այսօր ես ինձ իրավունք  եմ վերապահում որպես ժողովրդի ձայնով ընտրված վարչապետ Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց ու քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր»:

Փաշինյանի խոսքերով, այսօր եկել է Թումանյանի ասած արշալույսը, և ժողովուրդը պետք է տեր կանգնի դրան. «Վեր կացեք և քայլեք, վեր կացեք և հաղթեք, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի հայրենիքն եք, ժողովուրդը, գիտակցությունը»:

 

Նույն շարքից