Բարի օր Հասարակություն 

«Փոխեք ձեր գլուխները». «Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» ԻՊ ՀԿ

analitik.am

Ցանկացած իրողություն ընկալվում է այնպես, ինչպես մատուցվում է. և, ըստ էության, իշխանության որդեգրած քաղաքականությունը խոստացված խնդիրների լուծումները կարճ ժամկետում ապահովելն է: Եվ ուրեմն, առանց իրողությունները փոխելու, պարզվում է լուծվել են նախկինում քննադատության արժանացած մի շարք խնդիրներ, մասնավորապես.

1. օլիգարխներ այլևս չկան – թեև չի փոխվել նախկինում օլիգարխ համարվող անձանց կազմն ու հնարավորությունները, իսկ որոշ դեպքերում նաև մասնակցությունը քաղաքական համակարգում, սակայն այժմ նրանք խոշոր սեփականատերեր են…

2. մոնոպոլիաներ չկան – թեև շուկայում խոշոր խաղացողների քանակական էական փոփոխություն չի գրանցվել, և բնակչության համար կենսական նշանակության ապրանքների գները չեն նվազել, սակայն պետք է ընկալել, որ այդ չարիքը վերացել է…

3. աղքատությունը մեր գլխում է – նախկինում աղքատությունը ներկայիս իշխանությունը ներկայացնում էր որպես ծրագրված ունեզրկելու քաղաքականության արդյունք, իսկ այժմ դա մտածողության ձև է, որը մեր գլխում է… Ճիշտ ընկալման պարագայում այլևս աղքատ չեք լինի, առավել ևս նրանք, ովքեր սպասարկում են ամսական 100 հազար դրամից ավելի վարկեր, արդեն աղքատ չեն:

4. արագաչափերը, տեսախցիկները և կարմիր գծերը այլևս չարիք չեն – թեև որևէ բան չի փոխվել այս հարցում, և վարորդները շարունակում են նույն տեմպով տուգանվել, սակայն ճիշտ ընկալման պարագայում նրանք պետք է հասկանան, որ այդ տուգանքները կարևոր են և ուղղված են բնակչության անվտանգության ապահովմանը…,

5. կոռուպցիան վերացված է – թեև ծանոթներին և բարեկամներին աշխատանքի տեղավորելու հովանավորչությունը էլ ավելի է խորացել, ինչը դասական կոռուպցիոն դրսևորում է, իսկ սովորական կաշառակերության չափելիության մասով որևէ գործիք ներդրված չէ, սակայն բնակչությունը պետք է ընկալի և հասկանա, որ այդ չարիքը վերացել է… Քանի, որ առաջիկայում չի բացառվում կոռուպցիոն որևէ դեպքի բացահայտում, վերջին օրերին մատուցման ձևը փոխվեց, և այժմ բնակչությունը պետք է հասկանա, որ համակարգային կոռուպցիան է վերացել, իսկ թե որն է ավելի վատ՝ համակարգայինը, թե քաոսային կոռուպցիան, դեռևս չի մատուցվում…,

6. խոսքի ազատությունն ապահովված է ավելի, քան երբևէ – թեև ցանկացած այլ տեսակետ ունեցող անձի խոսքի ազատությունը ոչ միայն սահմանափակվում, այլև քարկոծվում է ավելի նոր մեթոդներով /սոց. ցանցերում խմբակային հարձակումներ, հրապարակային ելույթներում պիտակավորում և այլն/, սակայն բնակչությունը պետք է իմանա, որ ինքն ազատ է իր խոսքում և «հանգիստ նստի իր տեղը»…

7. դատարանների վրա այլևս ճնշում չկա – թեև հրապարակային ելույթներում ակհայտ ճնշում է գործադրվում դատարանների վրա, սակայն քանի որ դա հրապարակային է, բնակչությունը պետք է հասկանա, որ դա ճնշում չէ, իսկ դատավորները արդեն հասկացել են…

8. գազի գինն այլևս արդար է – թեև գնագոյացման գործընթացում՝ այդ թվում «ստվերային» կորուստներում փոփոխություն չի եղել, իսկ գազի գինը բնակչության համար լավագույն դեպքում 2019 թվականին կմնա նույնը, սակայն բնակչությունը պետք է ընկալի և հասկանա, որ գազի գինը արդար է և չի կարող նվազել…

9. հանրային միջոցներն այլևս չեն մսխվում – թեև պետական ծախսերի կառուցվածքում և նույնսիկ չափաքանակներում էական փոփոխություններ չեն եղել, սակայն հաշվի առնելով, որ պարգևատրումները, ծառայողական մեքենաները, գործուղումները նոր թիմի դեպքում հիմնավորված են՝ ուրեմն բնակչությունը պետք է ընկալի և հասկանա, որ դա նախկինի պես մսխում չէ…

10. Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին – թեև այս հարցը դեռևս չի բարձրացվել արդեն իսկ կայացած հանդիպումների ընթացքում, սակայն ՀՀ բնակչությանը մատուցվում է, որ ինքն այլևս կապ չունի Արցախի խնդրի լուծման հետ, և դա պետք է որոշի Արցախի բնակչությունը: Թեև չի էլ ներկայացվում հիմնախնդրի կարգավորման որևէ հստակ տեսլական, սակայն ՀՀ բնակչությունը պետք է ընկալի և հասկանա, որ, ինչ որոշում էլ լինի, նա այլևս չունի դրա կայացման վրա ազդելու իրավունք…

Մարդիկ ձևավորեցին պետություններ ոչ թե նրա համար, որ իրենց ընկալումները փոխեն այս կամ այն խնդրի վերաբերյալ և դրանով իսկ համարեն խնդիրները լուծված, այլ որպեսզի սահմանվեն և գործեն հստակ ու հավասար կանոններ /օրենքներ/, որոնք հանրային շահերի պաշտպանության սկզբունքով կլուծեն այդ խնդիրները: Որքան այդ խնդիրների լուծման պատասխանատվությունը վերադարձվում և դրվում է մարդու վրա, այդքան նսեմացվում է պետության և իշխանության դերն ու նշանակությունը՝ որպես խնդիրը լուծողի: Որքան շատ են ընդունվում անհավասար պայմաններ թելադրող օրենքներ այս կամ այն լոկալ խնդիրը լուծելու համար՝ անտեսելով հանրային ընդհանուր շահը /օր՝ անպարտաճանաչների տուգանքները զիջելը/ ,այնքան մյուսների մոտ բնական ցանկություն է առաջանում խախտելու այդ կանոնները:

Լավ մանիպուլիացիայի դեպքում մարդիկ, իհարկե , իրենց գլխից կհանեն, թե՛ աղքատությունը, թե՛ խնդիրների լուծման սպասումները, սակայն ծանր քարոզչական աշխատանքից խուսափելու համար կարելի է «փոխել գլուխները»…

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» ԻՊ ՀԿ

Նույն շարքից