Հասարակություն 

Ինչու Փաշինյանը մինչև հիմա չի ասել, թե որ հեռուստաընկերությունն է հակապետական գործունեությամբ զբաղվում. Հարությունյան

analitik.am

Լինում է, որ զանգահարում ես ինչ-որ նախարարություն և փորձում ես ինչ-որ բան ճշտել, այնտեղից ասում են, որ նախարարը մի 15 րոպեից կմտնի լայվ ու կասի, թե ինչ է եղել: Այսօր՝ փետրվարի 19-ին, «Իշխանություն-Մամուլ. Հակամարտությո՞ւն, թե՝ Համագործակցություն» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց 5-րդ Ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ հավելելով, որ Ֆեյսբուքը դարձել է կառավարության պաշտոնական հարթակը. «Եթե կառավարության անդամների համար Ֆեյսբուքը պաշտոնական հարթակ է, ինչու որևէ մեկը չի կարող մտնել Ֆեյսբուք ու իր ասելիքն ասել: Սա բավականին պրոբլեմատիկ է լրատվամիջոցների համար, որոնք սովոր չեն այդ ձևով աշխատել: Լրագրությունը դեռ մասնագիտություն է: Լրագրողն արտադրանք է տալիս: Ֆեյսբուքը վատ հարթակ է այդ արտադրանքը ստանալու համար»:

Հարությունյանը խոսեց մամուլի հաղորդագրությունների մասին՝ հայտարարելով, որ երբեք չի եղել, որ դրանցով գործը միանգամից կարվեր մարդու վրա. «Հիմա մամուլի հաղորդագրությունը տալիս են, հանցանքը մեջը գրում են, մեղավորությունը հաստատում են ու ասում, որ ընթանում է քննություն»:

5-րդ ալիքի գործադիր տնօրենը մասնավորապես խոսեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի մասին. «Ես նրա վիդեոն, որ նայեցի, ամբողջ գիշեր չքնեցի: Վերջը պարզվեց, որ ամեն ինչ այդպես չի եղել, ինչպես ներկայացրել են»:

«Արդեն քանի ամիս է անցել, բայց Փաշինյանը մինչև հիմա չի ասել, թե որ հեռուստաընկերությանը նկատի ուներ, երբ ասաց, որ այն հակապետական գործունեությամբ է զբաղվում: Ես, որպես հեռուստաընկերության ղեկավար, ցանկանում եմ իմանալ, թե ով է հակապետական գործունեությամբ զբաղվում: Ինչու չեն ասում այդ մասին»,-նշեց բանախոսը:

Հարությունյանի խոսքերով, իրավապահները չպետք է գնան ու աղբյուր պահանջեն լրատվամիջոցներից օրինակ ֆեյսբուքյան գրառումների համար. «Կամ Yerevan today-ի պատմությունը: Մինչև այսօր հարցն անհայտ մնաց: Սա հենց այնպես չէ, սա փոքր ազդակներ են, որոնք կարող են մեծանալ, եթե ԶԼՄ-ները դրա դեմը չփորձեն առնել»:

5-րդ ալիքի գործադիր տնօրենը բողոքի ձայն բարձրացրեց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տվել մասնակցել վարչապետի գրքի քննարկմանը:

«Վերջերս նամակ էինք գրել մի նախարարություն պարզաբանման համար: Պատասխան էր եկել, որ պարզաբանումը ծավալուն է, այն կպարզաբանվի ավելի ուշ: Սակայն մեկ օր առաջ արդեն Հ1-ով ասելի էին այդ մասին: Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Լրագրողնե՞րն են մեղավոր: Լրատվամիջոցն այս երկրի թշնամին չէ: Եթե Ֆեյսբուքն ամբողջովին ձեռնտու է, եկեք փակենք լրատվամիջոցները, թողնենք Ֆեյսբուքը, Ազատությունը, Սիվիլնեթը և վերջ: Վիրավորական է, երբ պաշտոնյան աչքով նայում է, որպեսզի գտնի իր ուզած միկրաֆոնն ու խոսի: Վերջապես մենք երկիր ենք, ունենք ազատ մամուլ, հեռուստաընկերություններ, ռադիոներ, ինչո՞ւ եք սևեռվել մի լրատվամիջոցի վրա: Սիրուն չէ»,-ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նաև խոսեց ճնշումների մասին խոսակցությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ ճնշումներ չեն եղել, եղել են միջամտություններ, որոնք միշտ լինելու են:

Նույն շարքից