Հայաստան 

Լեռնային Ղարաբաղն արժանի է արդարացի և տևական խաղաղության. Իսպանիայի բասկ խորհրդարանականներ

Լեռնային Ղարաբաղն արժանի է արդարացի և տևական խաղաղության` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի 20-ամյակին մեզ հնարավորություն և պատիվ էր ընձեռվել  տարբեր առիթներով այցելել տարածաշրջան և հանդիպել Արցախի Հանրապետության իշխանությունների հետ: Այդ օրերի ընթացքում մենք նաև այցելեցինք տարբեր գյուղեր և շփվեցինք տեղի բնակիչների հետ: Պետք է նշենք, որ այն ինչ տեսանք, տպավորեց մեզ:  Ականատեսը եղանք մի համայնքի, ազգի, որ, անկախ բոլոր դժվարություններից, ձգտում է ապրել խաղաղ, հարգալից և օրինապաշտ միջավայրում` դատապարտված լինելով գտնվել մշտական սպառնալիքի տակ (ինչի մասին վկայում են հրադադարի համաձայնագրի պարբերաբար խախտումները ադրբեջանական ուժերի կողմից: Այցի ընթացքում մենք ինքներս վկան եղանք դիպուկահարի  գործողությունների և դրա հետևանքով ղարաբաղյան կողմում զինվորների մահացության դեպքերի), և տոգորված է եռանդով հաղթահարելու բոլոր դժվարությունները:

 

 

Տեսանք ԼՂ Հանրապետության ներկայացուցիչների քաջությունը: Չճանաչված պետութուն, որ համապատասխանում է ժողովրդավար պետության բոլոր հիմնարար պահանջներին: Հնարավորություն ունեցանք հանդիպել Արցախի Հանրապետության գերագույն ներկայացուցիչ պարոն Սահակյանի հետ, և տպավորված մնացինք իր երկրի համար  արդարացի և տևական խաղաղություն հաստատելու նրա տոկուն վճռականությամբ: 

 

 

Բայց մենք տեղյակ ենք նաև, որ պատերազմին վերջ տված  և խաղաղության բանակցությունների համար հող նախապատրաստած համաձայանգրի կնքումից ի վեր անցել է արդեն քսան տարի:   Ճիշտ է, որ հրադադարի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի նոր սերունդները մեծանում են առանց պատերազմի սարսափները վերապրելու:  Բայց սա դեռ բավարար չէ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանի ապագա սերունդներին նման  փորձությունից և հասնի տևական խաղաղության, քանզի ներկայիս ստատուս քվոն չի կարող շարունակվել անորոշ ժամանակով:  Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղ կարգավորման`  հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների և ժողովուրդների ինքնորոշման մարդու հիմնարար իրավունքների վրա:  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ապագայում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կամարտահայտությամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով իրենց ապագան որոշելու իրավունքի վրա:

 

 

 2013 թվականի նոյեմբերին մենք իմացանք բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման մասին, որոնք շատ խոստումնալից են:   Մենք համամիտ ենք Մինսկի խմբի` կողմերին ուղղված կոչին, որ հակամարտությունը վերջնական և խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով պետք է «սկսել կառուցողական և բարեխիղճ բանակցություններ, որոնք կամփոփվեն խաղաղության համաձայնագրի կնքմամբ»: Բայց նաև հավատում ենք, որ դա իրականացնելու համար պետք է ամրապնդել միջազգային համերաշխությունն ու սատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր ապագան որոշելու իրավունքը հարգելու արդար պահանջին:

 

Մենք գտնում են, որ նրանք արժանի են դրան:  

 


Ուրկո Այարցա

Իսպանիայի բասկ սենատոր

 

 

Յոն Ինյառիտու

Բասկ կոնգրեսկան Իսպանիայի պետությունում

 

Նույն շարքից