Բարի օր Տնտեսություն 

Սա հայրենիքը քանդելու ծրագիր է, իսկ Նիկոլի համար ինչ հայրենիք, իր կինը հրեա է․ Քաղաքացիները՝ էլեկտրաէներգիայի վարձավճարների մասին

analitik.am

Վերջին օրերին տարբեր քաղաքացիներ բողոքում են մասնավորապես էլեկտրաէներգիայի վարձավճարների, իրենց խոսքերով, խիստ բարձր լինելուց: Շատերի պնդմամբ, հատկապես հունվար ամսվա վարձավճարները կտրուկ բարձրացել են: Հետաքրքիր է, որ այս թեմայի մասին, բացի շարքային քաղաքացիներից, բարձրաձայնեցին նաև որոշ պաշտոնյաներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, ով Ֆեյսբուքում հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ պարզաբանում է պահանջելու:

Analitik.am-ն այս խնդրի հետ կապված հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար, թե որքան գումար են վճարել էլեկտրաէներգիայի համար դեկտեմբեր-հունվար ամիսներին։

Հարցմանը մասնակցող քաղաքացիների մեծ մասը դժգոհություն հայտնեցին՝ նշելով կոնկրետ թվեր։

Քաղաքացիներից մեկը հայտնեց, որ հունվար ամսվա վարձավճարը 13 հազար դրամով գերազանցել է նախորդ ամսվանը, մյուսի մոտ տարբերությունը կազմել է  7000 դրամի: Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դեկտեմբեր ամսին վճարել է 19 հազար դրամ, իսկ հունվարին՝ 39 հազար. «Կարող եմ հաստատ ասել, որ դեկտեմբեր ամսվա համեմատ, հունվար ամսվա վճարը շատ է, տարբերությունն ակնհայտ է։ Եվ խոսքը միայն հոսանքի վճարների մասին չի, ամեն ինչն էլ թանկացել է։ Ստացվում է, որ օգտագործում ես նույն ձև, բայց չգիտես՝ ինչու շատ ես վճարում»:

Մեկ այլ քաղաքացու խոսքերով, դեկտեմբեր ամսին վճարել է 9300 դրամ, իսկ հունվարին մոտավոր 13 հազար դրամ․ «Թվում է՝ տարբերությունը շատ չէ, բայց ինձ համար մի փոքր տարբերությունն էլ դժվարություն է առաջացնում՝ հաշվի առնելով այն, որ միայն հոսանքը չէ, այնտեղ ջրի վարձ կա, գազն է, աղբը և այլն»։

Հանուն արդարության, ասենք, որ կային նաև քաղաքացիներ, որոնք ասացին, որ ոչ մի տարբերություն չեն նկատել՝ նշելով, որ օրինակ դեկտեմբեր ամսվա վճարը կազմել է 23 հազար դրամ, իսկ հունվարը՝ 25 հազար դրամ․ «Ամեն դեպքում, ես ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մի ուրիշ քաղաքացի հայտնեց, որ միշտ էլ օգտագործածից ավել է վճարել․ «Իսկ կոնկրետ հունվար ամսին մոտ 3000-4000 դրամ ավել գումար է եկել»։

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ հունվարին ավելացել է վճարը, սակայն վստահ է, որ շատ է օգտագործել, քանի որ բնակարանը տաքացվում է հենց հոսանքով։

«Հունվարը միանշանակ ավելի շատ ենք վճարել, 10-15 հազար դրամի տարբերություն եմ նկատել։ Ու շատ հետաքրքիր է, որ իմ բնակարանի ջեռուցումը միշտ նույն տարբերակով է, ու հիմնականում վճարել եմ ամենաշատը 25-30 հազար դրամ, իսկ այս տարվա հունվար ամսին կազմել է 48 հազար։ Այդ ո՞նց է այդպես լինում»,-ասաց նա։

Նրանցից մեկն էլ նշեց, որ բնականաբար բոլորն էլ նույն բանն են ասում․ «Մի քանի հոգու մոտ չի, շատերից եմ լսել նույն բողոքը։ Իհարկե, ես չեմ զբաղվում կոմունալ վճարումներով, բայց ընտանիքիս անդամներից լսել եմ դժգոհություն, որ կոնկրետ այս հունվար ամիսը շատ է եղել։ Ջուրն էլ գազն էլ թանկացել է։ Դժգոհ ենք նաև սպասարկումից, գների մասին էլ չեմ խոսում, ո՞վ է հիմա գոհ, ոչ մեկն էլ գոհ չի»։

Մեկ այլ քաղաքացի տեղեկացրեց, որ միշտ վճարել է մոտ 8000 դրամ, իսկ այս հունվար ամսվա գումարը կազմել է 14 հազար դրամ․ «Սա խաբեություն է, և հենց Նիկոլի հրամանատարությամբ, ես համոզված եմ։ Ես Նիկոլին դեմ չեմ, որովհետև Նիկոլին ընտրողներից մեկն էլ ես եմ, ով հեղափոխոթյան օրերին ճանապարհ է փակել։ Ես մտածում էի, որ ժողովրդիս համար լավը կանեմ, բայց այսօր ես չեմ տեսնում լավ բան՝ բացի վատից։ Մարդկանց ոչխարի տեղ դնելով չէ կամ ոչխար պահելով չէ, գյուղացին կարա գնա ոչխար պահի, բա քաղաքացին ո՞ր ոչխարին պահի։ Այս թանկացումները տանում են դեպի հայաթափություն, քանի որ Սորոսի անդամներն անտեղի չեն այստեղ գտնվում, և անտեղի չեն պաշտոնների նստած, անտեղի չէ նաև ԼԳԲՏ համայնքի ակտիվացումը։ Սա երկիրը, հայրենիքը քանդելու ծրագիր է։ Իսկ Նիկոլի համար ինչ հայրենիք, քանի որ իր կինը հրեա է։ Իսկ հոսանքն ամենաչնչին խնդիրն է, որ դեռ տեսնում եք, շուտով կտեսնեք իսկական պատկերը, թե ինչ են որոշել անել»։

Հետաքրքրական է նաև, որ մի շարք քաղաքացիներ պնդում էին, թե միևնույնն է իրենց ասածը չի անցնելու․ «Ոնց որոշում են այդպես էլ լինում է, հիմա ավելի շատ ենք վճարում ամեն ինչի համար։ Ուզենք, թե չուզենք պետք է վճարենք, մոտ մի հիսուն տոկոս տարբերություն է տալիս, բայց դա կապ չունի, որովհետև ինչքան էլ բողոքենք ոչ մի բան չի փոխվելու։ Կառավարության շենքի մոտ ամեն օր բողոքի ակցիաներ են ընթանում, գնացեք հարցրեք՝ ո՞ր մեկի հարցն է լուծվել մինչ օրս»։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից