Հասարակություն 

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Լիտվայի Շյաուլյայ քաղաքում

analitik.am

Փետրվարի 19-ին Լիտվայի Շյաուլյայ քաղաքի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Շյաուլյայ քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունը և Շյաուլյայի հանրային գրադարանը:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Արունաս Գումուլյաուսկասը (Arunas Gumuliauskas) և Ստասիս Թումենասը (Stasys Tumenas), Շյաուլյայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի խորհուրդը ներկայացրեց Շյաուլյաի համալսարանի արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վայդոտաս Յանուլիսը, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված փաստերի հիման վրա ծանոթանալ հայ ժողովրդի հազարամյա պատմության ինչպես փառապանծ, այնպես էլ՝ ողբերգական էջերին:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ աշխարհի առաջին քարտեզից սկսած Հայաստանը հիշատակվում է Եփրատ գետից մինչև Կուր գետն ընկած տարածքում՝ հայկական բարձրավանդակում, ինչը և ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները։ Դեսպանը նաև հավելեց, որ ցուցահանդեսի կազմակերպումը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ գիտական և մշակութային հիմքի վրա կառուցված փաստերով ներկայացնում է Հայաստանը պատմական տարբեր շրջաներում՝ միաժամանակ անընդունելի համարելով պատմությունը խեղաթյուրելու, կեղծ «պատմական» փաստարկների միջոցով հայ ժողովրդի պատմությունը նսեմացնելու ցանկացած փորձ:

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը և Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ողջույնի խոսք ասաց նաև գրադարանի փոխտնօրեն Եկատերինա Պրակապենեն, ով ցուցահանդեսի կազմակերպումը մեծ նվեր համարեց գրադարանին և Շյաուլյայ քաղաքին՝ հավելելով, որ սա դեսպանության, գրադարանի և հայ համայնքի միջև հետ ձևավորված սերտ համագործակցության հերթական վառ դրսևորումն է: Լիտվայի օրենսդիր մարմնի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ Ստասիս Թումենասը նշեց, որ չափազանց այս յուրօրինակ ցուցահանդեսի անցկացումը Լիտվայի տարբեր քաղաքներում մեծ կարևորություն ունի, քանի որ այն հնարավորություն է ընձեռում լիտվացիներին ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն իր ամբողջականության մեջ՝ ժամանակագրորեն, այդ թվում նաև դիտարկելու հայերի և լիտվացիների պատմական զարգացման որոշ ընդհանրությունները։

«Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ս.թ. մարտի 4-ը։

 

Նույն շարքից