Գլխավոր Իրավական 

Ուժեղ արյուն էր գնում, նա ասում էր՝ մի բան արեք. ՊՊԾ գնդի գործով տուժողը մանրամասներ է պատմել մահացած ոստիկանի մասին

analitik.am

Ես որ ներսում էի, նրան բերեցին, նստեց աթոռին, արյունը գնում էր, չեմ ուզում խոսել Գագիկ Մկրտչյանի մասին, հուզվում եմ, երբ հիշում եմ: Այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց տուժող Վլադիմիր Սիրեկանյանը՝ խոսելով մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին:

Սիրեկանյանը նշեց, որ Մկրտչյանի ձեռքն էր վիրավոր, շատ ուժեղ արյուն էր գնում. «Ես չեմ կարող ասել, թե որտեղից էր վիրավորված, սակայն ձեռքն էր բռնել: Արյունը գնում էր: Ոնցոր ձախ կողմն էր. Ես զգում էի, որ նա արնաքամ է լինում: Նա ասաց՝ մի բան արեք: Իմ ձեռքերն էլ կապված էին, ի՞նչ պետք է անեի: Նա շատ հարազատ մարդ է ինձ համար, ինձ համար բարդ է խոսել նրա մասին: Նա հանգստյան սենյակում կես ժամ էլ չմնաց, նրան տարան: Ես չեմ նկատել, թե ինչպես նրան տարան, մեր տեսադաշտից դուրս էր»:

Տուժողը հայտնեց, որ խմբի անդամները հիմնականում զինված են եղել ավտոմատներով, ատրճանակ էլ է եղել, եղել են նաև մարտական նռնակներ՝ F-1:

Հարցին, թե իր նկատմամբ վիրավորանք, բռնություն եղե՞լ է, տուժողն ասաց, որ ճնշումն է բարձր եղել, սակայն իր ձեռքերը կապված են եղել, նրան թույլ չեն տվել դուրս գալ հանգստյան սենյակից, ուր իրեն տեղափոխել են գունդը գրավելուց հետո:

Ինչ վերաբերում է կոչերին, Սիրեկանյանն ասաց, որ նախագահի հրաժարականն են պահանջել խմբի տղաներն ու Սեֆիլյանին ազատ արձակել:

Սիրեկանյանը նշեց, որ իր մոտ երկու բջջային հեռախոս է եղել, որոնցից Սամսունգն իր հետ տարել է հիվանդանոց, իսկ Այֆոն 4 հեռախոսը, որը զարյադկայի դրված է եղել, չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել. «Ես նյութական վնաս եմ կրել, իմ քաղաքացիական հագուստի գրպանում 114 հազար դրամ կար, հետո չգիտեմ, թե ինչ եղավ այդ գումարը, ով տարավ՝ չեմ կարող ասել»:

Արթուր Վանոյանի մահվան մասին Սիրեկանյանն իմացել է հիվանդանոցում, մանրամասներ չգիտի: Հարցին, թե խմբի անդամները խոսել են արդյո՞ք Վանոյանի մասին, տուժողը բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, Սիրեկանյանը նշեց, որ մամուլից է իմացել, մանրամասներ չգիտի:

Վերադառնալով Գագիկ Մկրտչյանի հարցին՝ տուժողն ասաց, որ վերջինիս հետ խոսակցություն չի եղել, նա միայն ասել է, որ օգնության կարիք ունի: Սիրեկանյանի համար պարզ է, որ վիրավորքանը ստացվել է կրակելու արդյունքում, սակայն չգիտի, թե ով է կրակել, չի ճշտել, այդ մասին չի խոսել Մկրտչյանի հետ:

Սիրեկանյանը չի հիշում, թե ով է բերել Մկրտչյանին, չի հիշում նաև՝ վերջինս իր ուժերով է մուտք գործել հանգստի սենյակ, թե՝ նրան օգնել են:

Տուժողը նաև չի հիշում՝ Մկրտչյանի ձեռքը վիրակապված է եղել, թե՝ ոչ:

Վլադիմիր Սիրեկանյանն իրեն համարում է տուժող ու դեմ է, որ համաներումը տարածվի խմբի անդամների վրա:

Նույն շարքից