Հասարակություն 

Այնքան ծանր է եղել, որ հանդիպումը ես էի խնդրել. Արսեն Թորոսյանը՝ Իմ քայլի հետ հանդիպման մասին

analitik.am

Խորհրդարանում ավարտվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը, պատասխանելով հարցին, թե ծանր է եղել արդյո՞ք հանդիպումը, ինչպես կանխատեսել էր լրատվամիջոցներից մեկը, ասաց. «Այնքան ծանր է եղել, որ հանդիպումը ես էի խնդրել: Պարզապես շատ սպասելուց հետո, երբ տեսա, որ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի»:

Ինչ վերաբերում է օրակարգին, նախարարի խոսքերով հարցերը տարբեր են եղել. «Հիմնականում ուզում էինք պատմել, թե ինչ ենք անում, որպեսզի կառավարությունն ու պատգամավորները նույն էջի վրա լինեն: Բացի դրանից բազմաթիվ հարցեր են քննարկվել՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններրից և այլն»:

Թորոսյանը խոսեց նաև մամուլում քննարկվող պետպատվերների մասին՝ հայտարարելով, որ գրեթե բոլոր ԲԿ-ներին տրամադրվող գումարն ավելացել է, բացառություն են կազմել Երևանի մի քանի կենտրոններ, քանի որ բաշխումը կատարվել է սկզբունքով, թե որքան ծառայություն են նրանք մատուցել անցած տարի՝ նաև վճարովի. «Նույնիսկ Հանրապետական հիվանդանոցի մոտ է բյուջեի աճ եղել»:

Առողջապահության նախարարը նաև հայտարարեց, որ ինքը որևէ բժշկական կենտրոնի սեփականատեր չէ, առնչություն չունի որևէ կենտրոնի հետ, բիզնես չունի՝ հերքելով մամուլում տարածված լուրերը:

Նույն շարքից