Հասարակություն 

ժողովրդահաճո հայտարարությունները զուտ ձևական բնույթ ունեի՞ն. Ցմահ դատապարտյալը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Մեծարգո պարոն վարչապետ, Դուք և Ձեր քաղաքական թիմը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, բազմիցս բարձրաձայնել եք, որ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալը բանտում հերթական մահկանացուն կնքողը չէ: Ցմահ դատապարտյալը պետք է ունենա ապրելու մոտիվացիա և դրական վարքագիծ, որի արդյունքում կներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման կամ կգործի ներման ինստիտուտը:

Ցանկանում եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ  մեր երկրում, հատկապես նոր` ժողովրդական իշխանությունների ձևավորումից հետո, այդ երկու` բացառապես օրենսդրական նորմերը չեն գործում: Թե՞ այդ ժողովրդահաճո հայտարարությունները զուտ ձևական բնույթ ունեին և նախատեսված էին ցմահ ազատազրկված դատապարտյալների լսարանը հանգստացնելու համար:

Ինչո՞ւ 2019 թվականին ներում չշնորհվեց ոչ մի դատապարտյալի, ինչու ոչ մեկը պայմանական վաղաժամկետ չազատվեց պատժի հետագա կրումից:

Հույսեր, երազանքներ, ապրումներ և կրկին անփոփոխ դաժանությամբ խորացող Անդունդ, կենդանի Մահ:

Նաև հարցնում եմ Ձեզ, ինչո՞ւ են բոլոր իշխանություններն իրար նման ու դաժան: Թե սա ցմահ դատապարտյալներիս` արդեն իսկ կործանված մարդկանցս նկատմամբ կիրառվող առավել դաժան, 21 - րդ դարի հոգեբանական ոչնչացման նոր պատժատեսակ է, թե՞ մենք այլևս գոյություն չունենք ՀՀ մարդ արարածների թվում:

Հուսով եմ, և դեռ ուզում եմ հավատալ Ձեզ, հավատալ լեգիտիմ վարչապետի և նախարարի արած հայտարարություններին, որ կփոխեք Ձեր վերաբերմունքը և քաղաքականությունը մեր նկատմամբ. Հույսը վեջում է մեռնում:

Կենդանի գերեզմանոցից , ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ  Ստեփան Գրիգորյան

Նույն շարքից