Հասարակություն 

Մեկ ժամում՝ ոչ մի այցելու. ինչպե՞ս հետաքրքիր դարձնել թանգարանները

analitik.am

Շուրջ կեսդարյա պատմությամբ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում և պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի, Էլիբեկյան եղբայրների, Բաժբեուկ-Մելիքյանների և մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ: Այս մասին, ցավոք, քչերը գիտեն: «Ինչու՞». հարցնում է թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Թեև, տնօրենի խոսքով, ամեն ամիս թանգարանը հյուրընկալում է 300-400 այցելուի, սակայն փոխքաղաքապետի այցի ավելի քան մեկ ժամվա ընթացքում թանգարան այդպես էլ ոչ ոք չմտավ:

«Տպավորություններս, մեղմ ասած, գոհացնող չէին, ինչը խիստ մտահոգող է: Ժամանակակից արվեստի թանգարանում, որի գոյությունը շատ կարևորում եմ Երևան քաղաքում և հայաստանյան մշակութային կյանքում, ցավոք, ունենք իրազեկման և թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու խնդիր: Աշակերտներին, ուսանողներին թանգարաններ «բերման ենթարկելու» գործելաոճը պետք է անցյալում մնա: Պետք է գտնել մեխանիզմներ, թե ինչպե՞ս ենք պատկերացնում թանգարանի հանրահռչակումը»,- նշել է փոխքաղաքապետը:

Անդրադառնալով թանգարանի կոմունալ-կենցաղային խնդիրներին՝ փոխքաղաքապետը ընդգծեց՝ թանգարանի պայմանները կարևոր են և լուծելի, սակայն դրանց համար չէ, որ աշխարհի տարբեր թանգարաններն ունենում են միլիոնավոր այցելուներ: Ինչպե՞ս անել, որ հանրության և հատկապես զբոսաշրջիկների համար մշակութային օջախները հետաքրքիր դառնան: Երևանի քաղաքապետարանն արդեն եզրակացրել է:

«Թանգարանների աշխատակիցների համար կկազմակերպվեն մենեջմենթի դասընթացներ: Եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ պատրաստ ենք վերանայել: Պետք է նկարահանվեն և ներկայացվեն տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը»,-նշում է քաղաքապետի տեղակալը:

Համայնքային թանգարաններ այցի հաջորդ կանգառը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանն էր: Տիգրան Վիրաբյանը շրջեց և տեղում ծանոթացավ ամրոցի վերականգնման դադարեցված նախագծին:

Փոխքաղաքապետը հետաքրքրվեց և հանձնարարեց՝ վերանայել ծրագիրն ու քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար:

Տիգրան Վիրաբյանն այցելեց նաև Կարմիր բլուր հնավայր: Անդրադառնալով առկա խնդիրներին, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ առաջին հերթին տարածքը պետք է մաքրվի շինարարական և կենցաղային աղբից:

«Կարմիր բլուրի աշխատանքները պետք է սկսենք նախևառաջ աղբի մաքրումից: Երևանի քաղաքապետարանը տարբերություն չի դնում, թե ով է բարձրացրել խնդիրը, պատրաստ ենք մի բռունցք դառնալ և այս խնդիրը լուծել: Ցավոք սրտի, զբոսաշրջիկներն ապշում են , թե ինչպես կարելի է այս տարածքում ունենալ շինարարական աղբ: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նշվել էր, որ Կարմիր բլուրը գտնվելու է ուշադրության կենտրոնում և այսօր, երբ քաղաքային իշխանությունը ձևավորված է, բոլոր այն նախանշած ծրագրերը, որ կային մշակութային առումով, կետ առ կետ հետևողականորեն պետք է իրագործվեն» ,- նկատել է Տիգրան Վիրաբյանը:

Հնավայրի պահպանման գործում քաղաքապետարանը կհամագործակցի ոստիկանության հետ: Միաժամանակ Տիգրան Վիրաբյանը նկատեց, որ հնավայրը ներկայացնելու և այցելուներին դեպի Կարմիր բլուր գրավելու համար կարևոր է բարելավել նաև ենթակառուցվածքները:

«Ավստրիական ընկերության հետ կա պայմանավորվածություն՝ սքանավորել տարածքը և տեսնել՝ որ հատվածը պեղումների համար ինչ հետաքրքրություն է ներկայացնում: Սա նույնպես խթան կհանդիսանա, որպեսզի մեր հասարակությունն ու զբոսաշրջիկներն առավելապես հետաքրքրվեն «Կարմիր բլուրով»»,նշել է Տիգրան Վիրաբյանը:

Նույն շարքից