Քաղաքականություն 

«Զինվորի հաց գողացողին» պաշտոն է տրվել. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը և հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որևէ մեկը չի մնա անպատիժ:

Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ կառավարության կազմում՝ Հունան Պողոսյան, Վալերի Օսիպյան, որոնք ըստ էության հակասության մեջ դրեցին վարչապետին՝ իր ասած և գործած քայլերի մեջ, բայց դա աննկատ մնաց:

Հանրությունն այդպես էլ հարցադրում չարեց, ինչո՞ւ նորից նշանակել անձանց, որոնք ժամանակին պաշտոնական դիրքից ելնելով՝ անուղղակիորեն պատասխանատվություն ունեին զինվոր հաց գողանալը կանխելու կամ գողացողին պատժելու հարցում և այդ լիազորությություններից չեն օգտվել:

Հասարակությունն էլ այս պահանջը չդրեց կառավարման եկածների առաջ ու չկանխեց ավելի սկանդալային մի նշանակում, որն օրերս արվել է արտակարգ իրավիճակների ոլորտում:

ԱԻՆ պաշտոնական կայքի «նախարարի հրամաններ» բաժնում վերջին հայտարարությունն անցած տարի նոյեմբերի 5-ի հրամանի մասին է: Մինչդեռ 168 ժամ»-ի տեղեկություններով՝ եղել են մի շարք հրամաններ, և կայքում չհրապարակվածների մեջ հատկապես մեկը խիստ ուշագրավ է:

Փետրվարի սկզբին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Կարապետ Մարգարյանին նշանակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր:

Կարապետ Մարգարյանն ունի դատվածություն, ժամանակին նա զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է եղել, 2010թ. ապրիլի 6-ից մինչև 2013թ. oգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում նա իրեն իրավունք է վերապահել հանձնարարել ոմանց, որպեսզի Պաշտպանության նախարարության կողմից զորամասին հատկացված և զորամասի կարիքների համար պահպանվող ընդհանուր առմամբ 1.656 միլիոն ՀՀ դրամի դիզվառելիքը դուրս գրեն, ինչպես նաև՝ 8.137 միլիոն ՀՀ դրամի ռեգուլյար տեսակի ավտոբենզինը, և վատնել է սեփական կարիքների համար:

ՊՆ-ի գույքը մսխելու և նախարարությանը պատճառած առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն 793 հազար դրամ նյութական վնասի համար 2015 թվականի նոյեմբերի 3-ին Երևանի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Կարապետ Մարգարյանին դատապարտել է ազատազրկման՝ հինգ ու կես տարի ժամեկտով, սակայն նշանակած պատիժը նախկին հրամանատարի նկատմամբ չի կիրառվել պայմանականորեն և սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, ընդ որում՝ պատիժը հրամանատարի նկատմամբ ճանաչվել է առանց գույքի բռնագանձման, ինչը խիստ հազվադեպ երևույթ է պետության միջոցների այս չափերի յուրացման դեպքերում:

Նկատենք, այն պահին, երբ Կարապետ Մարգարյանը յուրացնում էր պետության միջոցները, Ֆելիքս Ցոլակյանը զբաղված էր ազգային անվտանգության հարցերով: Հետևապես զինվորի հացը գողացած և դեռևս դատվածության մեջ գտնվող անձի կենսագրությունը չէր կարող վրիպել Ազգային անվտանգության ծառայության երկարամյա և փորձառու աշխատակցի աչքից»:

 

Նույն շարքից