Գլխավոր Քաղաքականություն 

Կարող ենք գերանդին առնել և աջ ու ձախ հնձել բոլորին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան պրոբլեմներ, գիտենք նաև մեր կառավարության վերաբերմունքն անկախ դատական համակարգ ունենալու հարցի վերաբերյալ: Մենք համոզված ենք, որ մեր պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է: Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագծի (Տես այստեղ. Հարց՝ համար 8) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, նախագծով քայլ է արվում հարց լուծելու ոչ միայն դատավորների, այլ նաև ՀՀ բոլոր քաղաքացիների և պետության համար. «Պատկերավոր ասած, եթե մենք ուզում ենք դատական համակարգ ստեղծել, պետք է հնարավորություններ ստեղծենք, որպեսզի մեր դատավորներն առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան: Մի կողմից մենք պետք է խստորեն պայքարենք կոռուպցիայի, ապօրինի որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այդ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք»:

Փաշինյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանը հասել է պետական կառավարման համակարգի թափանցիկության աննախադեպ մակարդակի, որը հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալթափալ ու էմոցիոնալ քննարկումներ ունենալ՝ հասնելով որոշումների. «Մենք կարող ենք պետական բյուջեի ծախսերով պլանավորել, թե երբ պետք է փոփոխություններն ուժի մեջ մտնեն: Պետական համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար նաև պետք է բարձրացվի, որովհետև այդ աշխատուժի որակից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը, արդյունավետությունն ու արագությունը:

Էլի եմ ասում, այսօր մենք քաղաքական առումով որևէ կաշկանդվածություն չունենք, կարող ենք գերանդին առնել ու ամբողջ պետական համակարգն աջ ու ձախ հնձել բոլորին: Բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներ հնարավոր չի լինի հաղթահարել: Պետական կառավարման համակարգն ու պետությունը զգայուն են մարդու օրգանիզմի նման և ոչ ճիշտ ախտորոշված բուժումը կարող է բերել մահացու հետևանքի, ինչը կազդի բոլորիս վրա»:

Նախագիծը, որը վերաբերում է դատավորներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներառելուն, ընդունվեց:

Նույն շարքից