Գլխավոր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է շատ դրական գործեր, ներդրում. Արթուր Վանեցյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասին, հայտարարեց, որ իր ղեկավարած ծառայությունը չի զբաղվում այդ հարցով, այն գտնվում է գլխավոր դատախազության տիրույթում:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարությանը, որ իրենց ընտանիքը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ Վանեցյանն ասաց, որ նման բան չկա. «Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է (Քոչարյանի որդին դատի է տալու Վանեցյանին), պարոն Քոչարյանը կարող է դա անել, դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե չէ: Իսկ քաղաքական հետապնդման որևէ բան չկա: Մենք օբյեկտիվ ենք ներկայացրել: Առհասարակ մենք չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածել, նախաձեռնությունը եղավ նրանց կողմից, իսկ մենք ստիպված ենք եղել արձագանքել:

Քաղհայցը, որը ներկայացրել է իմ դեմ, ներկայացվել է հայտարարության համար, որը ես արել եմ հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ: Դրանից անմիջապես հետո ասել եմ՝ ուզում եմ հայտարարել, որ իմ խոսքը եղել է ոչ այնքան ճիշտ ձևակերպված, ինչի համար պարզաբանում եմ տվել: Այսինքն, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ»,-ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի մասով անմեղության կանխավարկած չի խախտվել:

Վանեցյանը կոչ արեց հարցերը չկենտրոնացնել Քոչարյանների ընտանիքի վրա. «Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում իհարկե շատ դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի առաջին նախագահը և ես որպես սպա, որպես ԱԱԾ ծառայող, ով նաև ծառայել է այդ տարիներին, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ: Սա արդյունք է ծավալուն քննչական աշխատանքի, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց արդյունքում եկել ենք եզրահանգման և հարուցվել է քրեական գործ: Խնդրում եմ չանձնավորել այդ հարցը»։

Նույն շարքից