Քաղաքականություն 

Հայաստանի և Վրաստանի ՊՆ նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

analitik.am

Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է․

«Քննարկեցինք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»։

Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ:

«Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում են մի շարք գործընկերների»,- ասաց Լևան Իգորիան:

Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

 

Նույն շարքից