Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգիռ է շարունակելու ընթացիկ բոլոր ծրագրերը և համագործակցության նոր հորիզոններ բացել:

«ՄԱԿ-ը անգնահատելի աշխատանք է կատարում մարդկության համար: Հայաստանի խորհրդարանին վստահորեն կարող եք համարել ձեր դաշնակիցը բոլոր ուղղություններով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի մասնագիտացված գրասենյակների հետ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները

Շոմբի Շարփը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին և մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ խորհրդարանը ժողովրդի կամարտահայտության առանցքն է:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը:

ՄԱԿ-ի հայաստանյան ընտանիքի հետ Ազգային ժողովի գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների մակարդակով:

 

Նույն շարքից