Հասարակություն 

Սահմանափակում կլինի «18+» կայքերի վրա

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակում։ Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում: Բացի այդ, Ucom ընկերությունը մշտապես կհետևի ծրագրի անխափան իրագործմանը և հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի և համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  կարևորել է ՀՀ հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Նրա խոսքով՝ Ucom ընկերության առաջարկով «Ապահով համացանց» շաբաթվա ընթացքում իրագործվել է փորձնական մի ծրագիր, որով ընկերությունը երեխաների համար համացանցն առավել անվտանգ դարձնելու շրջանակում  տեխնիկական որոշակի միջոցառումներ է իրականացրել: «Այս հուշագրով փորձելու ենք դպրոցներում մեր երեխաներին զերծ պահել բռնություն, մեծահասակների համար բովադակություն ստեղծող և վիրուսներ տարածող կայքերից: Անվտանգ համացանցային միջավայրի ապահովման համար փորձնական ծրագրից հետո կքննարկենք այն ընդլայնելու հարցը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սա ինտերնետի սահմանափակում չէ, այլ ընդամենը որոշակի տարիքային խմբերին համապատասխան բովանդակության տրամադրում:

Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի, մասնավորապես, հանրակրթության ոլորտում։ Մեր ընկերությունը մշտապես եղել է ինտերնետի ազատ և միևնույն ժամանակ անվտանգ օգտագործման ջատագովը։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք օժանդակում ենք ծնողներին սահմանափակել իրենց անչափահաս երեխաների մուտքն ինտերնետ և զերծ պահել նրանց բռնություն կամ մերկություն պարունակող բովանդակություն դիտելուց։ Նաև համալիր լուծումներ ենք առաջարկում մեծահասակների համար նախատեսված բովանդակության արգելափակման համար և ինտերնետից ներթափանցող վիրուսների դեմ։ ՀՀ ԿԳՆ-ի հետ այս համագործակցությունը, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ»,-նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ վստահություն հայտնելով, որ հաջորդ տարի ծրագրի արդյունքներն ավելի շոշափելի կլինեն և կընդլայնեն իրենց աշխարհագրությունը: Նա ևս մեկ անգամ շեշտել է, այն ինտերնետ ծառայությունը, որը հասանելի է Ucom միջոցով, ամբողջությամբ ֆիլտրված է լինելու` համաձայն ՀՀ օրենսդրության:

Նույն շարքից