Հայաստան 

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել իր արգենտինացի գործընկերոջ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն են հայտնել, որ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: 

 

Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշել են Բուենոս Այրեսում, Երևանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները և գոհունակությամբ արձանագրել, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: 

 

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը: Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշել է, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ է կատարվել միջազգային խնդիրների: 

Նույն շարքից