Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

analitik.am

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր այն երկրները, որոնք կարևորում են երիտասարդ ժողովրդավարությունները, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը, իրենց աջակցությունը կբերեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին:

Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել խորացնել և ընդլայնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա, մասնավորապես մշակութային, գիտակրթական ու առևտրատնտեսական ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը վերաբերող հարցերի ու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ:

 

Նույն շարքից