Գլխավոր Քաղաքականություն 

«Յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել և’ կառուցվածքային փոփոխություններ, և’ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա:

Ըստ էության` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետևյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, և առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարևոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը և նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետև շատ կարևոր է, որ նույնիսկ այն միջոցները` դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարևոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաև պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության և տեխնիկայի կարիք ունենք, և դրանց որ մասի մշակումը, արտադրությունը և արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:

Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը և իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ և բավարար թվալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նաև այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձևակերպենք մեր նպատակները, և մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից: Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք:

Մենք պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին և այստեղ պետք է անողոք լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Մենք պետք է, այո՛, գնանք շատ լուրջ, թեկուզ ոչ պոպուլյար, կամային լուծումների, որպեսզի համոզվենք, որ մեր պետական համակարգում ընդհանրապես պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարևոր խնդիրն է` անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետևյալը` կարևորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետևաբար, տանկը չէ կարևորը, այլ խնդիրը և դրա լուծումը: Մեր մտածելակերպը պետք է լինի` գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը` անկախ նրանից` դրա անունը տանկ է, թե որևէ ուրիշ բան:

Հետևաբար, մեր տրամաբանությունը ռազմարդյունաբերության, գիտության, տեխնոլոգիայի ոլորտներում այսպես պետք է աշխատի. մենք պետք է հասկանանք մեր խնդիրները, մեր լուծումները և դուրս գանք այդ լուծումների, գործիքների վերաբերյալ եղած ավանդական պատկերացումներից, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական որոշակի առաջընթաց և փոփոխություն առաջնորդել: Որպես ամենավառ օրինակ` նամակի խնդիրը սովորաբար եղել է տեղեկատվությունը Ա կետից Բ կետը հասցնելը, բայց եթե մարդիկ ծրարի, թղթի և գրիչի տրամաբանությանը կպած մնային, մինչև հիմա էլեկտրոնային փոստը չէին ստեղծի: Մեր խնդիրն ահա այդպիսի փոփոխություն անելն է»:

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի և սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով: Նրա խոսքով՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և Հայաստանի ցուցադրությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր թե՛ հայկական կողմից ներկայացված ռազմական արտադրանքով, թե՛ ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի և «Երևանյան թմբուկներ» խմբի ցուցադրական ելույթներով: Ա. Քերոբյանը տեղեկացրել է, որ Միջին Արևելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման և ՀՀ գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար:

Այնուհետև նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ուղղված ծրագրերը և անելիքները:

 

Նույն շարքից