Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ընդհատել է ադրբեջանցի լրագրողին, ով փորձել է իրար հետ կապել հարցեր, որոնք իրար հետ կապ չունեն:
Երբ ադրբեջանցի լրագրողը խոսել է Մոսկվայում կայանալիք Լազարևյան ակումբի ֆորումի մասին, որին, նրա խոսքերով, մասնակցելու է նաև Արցախը, և փորձել է դա կապել ԼՂ հարցում Ռուսաստանի միջնորդ լինելու հետ, Զախարովան ընդհատել է նրան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ադրբեջանցի լրագրողին ասել է, որ վերջինս իրար հետ կապում է երևույթներ, որոնք իրար հետ որևէ կապ չունեն. «Անկասկած Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է և պաշտոնական մակարդակում կատարում է բոլոր պարտավարությունները, որոնք ստանձնել է: Միևնույն ժամանակ Մոսկվայում տեղի են ունենում հարյուրավոր ֆորումներ՝ տարբեր թեմաներով: Եթե Դուք ինֆորմացիա ունեք, որ դրան մասնակցելու են պաշտոնական դեմքեր, ասեք, ես ինֆորմացիան կճշտեմ»:
Զախարովան նաև նշել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներ անցկացնելու իրավունքն ամրագրված է ռուսական օրենսդրութամբ: