Հասարակություն 

Նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 23129 զանգ, 273 դեպք-պատահար, որից 152-ը՝ արտակարգ բնույթի

analitik.am

Փետրվարի 22-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին փետրվարի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 23129 զանգ, 273 դեպք-պատահար, որից 152-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 8 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է 32 հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը զեկուցեց, որ նշված ժամանակահատվածում մարզային վարչության փրկարարներն արգելափակումից դուրս են բերել առատ ձյան հետևանքով ճանապարհներին արգելափակված 20 մեքենա՝ օգնություն ցուցաբերելով 38 քաղաքացիների:

Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց, որ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները մասնակցում են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

Մանավորապես՝ 10 փրկարարներ մասնակցում են փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով դասընթացներին: Իր հերթին փ/ծ 5 աշխատակիցներ մասնակցում են փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում կազմակերպված «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» խորագրով դասընթացներին:

Օպերատիվ կառավարման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանը զեկուցեց, որ վարչության 4 աշխատակիցներ մասնակցում են փետրվարի 21-22 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվող կիբերանվտանգության թեմայով սեմինար-դասընթացին:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, ծառայությունում կառուցվածքային փոփոխություններին, գույք-տեխնիկայի սպասարկման ու նոր գույքի ձեռքբերման գործընթացին, կարգապահությանը և այլ հարցերի:

Նույն շարքից