Տնտեսական հեղափոխությունը մեր հասանելիության տիրույթում է, այն մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը և ինչպես են դրանք ստեղծվում: Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն, տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր ու բարձր մակարդակն է»:
Անդրադառնալով հարցին, թե ովքեր են տնտեսության մեջ ստեղծվող որևէ արդյունքի հեղինակը՝ Փաշինյանը նշեց, որ դրա հեղինակը բացառապես մարդն է. «Մենք ուզում ենք մարդուն քաջալերել, աջակցել, խրախուսել, որպեսզի նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Մենք դա անելու ենք նաև խոսքով, որովհետև մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը, բայց որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք առաջինը պետք է արձանագրենք Աստվածաշնչյան ճշմարտությունը, որ ի սկզբանե բանն էր և այն Աստծո մոտ էր: Բանը խոսքն էր, խոսքից է սկսվում ամեն ինչ»:
Վարչապետը, սակայն, նշեց, որ միայն խոսքով ամեն ինչ չի սահմանափակվելու. «Հաջորդ ամենակարևոր ուղղությունն իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է՝ մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, կարգավորումների, օրենսդրական բարեփոխումների ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»:
Փաշինյանը նկատի ունի, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորության սահմաններում պետք է փակի այն ճանապարհները, որտեղով հոսում են աղքատությունը, խեղճությունը. «Մենք պետք է պայմանավորվենք, որ փոփոխություններն իրար հետ պետք է անենք, այդ փոփոխությունների տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը»:
Իր խոսքը վարչապետն ավարտեց վերջին օրերին, իր խոսքերով, մի քիչ հումորային ենթատեքստ ստացած խոսքերով. «Հերիք ա ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»: