Հայաստան 

«Նոր կառավարությունն ամբողջովին կարելի է կոչել օլիգարխիկ. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի գործատուների վիճակը խայտառակ է համարում: «Ես ուրախ կլինեմ, եթե որևէ գործարար գտնեք, ով բարձրախոսն անջատած գոնե բավարար է համարում իրավիճակը, որովհետև ինձ պատահած փոքր, միջին, թե խոշոր բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ մեծ դժգոհություններ է ներկայացրել, քանի որ մեր իշխանական համակարգը ծառայում է ընդամենը մի քանիսի շահերի համար»,-ասաց նա: 

Արմեն Մարտիրոսյանը թեև դրական համարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն ասածը, որ գործատուների հետ ավելի հաճախ են արդյունավետ հանդիպումներ ունենում, սակայն ավելացրեց. «Այն, որ հանդիպում են, դա դրական է, սակայն այդ հանդիպումներին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներն այնքան են քչացրել, որ արդեն հեշտ է հանդիպումներ ունենալը: Դա, կարծեք, իմիտացիոն քայլերի շրջանակում է տեղի ունենում, որովհետև բովանդակային առումով մենք իրավիճակի փոփոխություն երկրում չենք տեսել, այսինքն, ինչպես դաշտը եղել է մոնոպոլիզացված, գերշահույթ ապահովող, այդպես էլ մնացել է»:

Անդրադառնալով նոր կառավարությանը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նոր կառավարությունն ամբողջովին կարելի է կոչել օլիգարխիկ, քանի որ ներկայացված մարդիկ իրենց հարստությունը ձեռք են բերել գործադիր իշխանությունում աշխատելուն զուգահեռ, և որքան պաշտոնը բարձրացել է, չգիտես ինչ հրաշքով, իրենց աշխատունակությունը ևս բարձրացել է, իսկ հարստությունն էլ՝ բազմապատկվել, ուստի այդ առումով կառավարությունից դրական փոփոխություններ սպասելը ժամանակի կորուստ է»:

Նույն շարքից