Բարի օր Տեսանյութեր 

Փաշինյանը չկարողացավ անպատասխան թողնել Հայաստանը լքել ցանկացող գործարարի հայտարարությունը

analitik.am

Այսօր մենք մեզ զգում ենք հուսալքված ու առհասարակ լքված վիճակում: Այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հայտարարեց Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատերը:
Գործարարի խոսքերով, լավ է, որ բանկերը ֆիզիկական անձանց տուգանքները ներեցին, բայց ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ չեղավ: Բանախոսը մասնավորապես խոսեց մի քանի բանկերի մասին՝ հայտարարելով, որ հսկայական պարտքեր են կուտակվել: Նա ցանկացավ իմանալ, թե ինչ է արվում, որպեսզի իր նման մարդիկ, ովքեր շատ են, լուծում ստանան իրենց հարցերի համար: Գործարարը նաև հայտարարեց, որ իրենցից շատերի մոտ ցանկություն է առաջանում ունեցածը վաճառել ու հեռանալ Հայաստանից:

Համաժողովին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անպատասխան չթողեց հայտարարությունը: Փաշինյանի խոսքերով, անհասկանալի է, թե ումից են իրենց լքված զգում գործարարները. «Նոր մենք խոսում էինք այն մասին, որ մարդ պետք է իր ուժին հավատա: Կներեք, Դուք հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որտեղ տնտեսական գործունեության համար հովանավար պետք է լիներ, կռիշա պետք էր ունենալ: Բա վարկը վերցրել եք, այդ պահին վերլուծե՞լ եք՝ այն Ձեզ համար տանելի է, թե՝ ոչ: Այսօր մարդիկ կան, ովքեր գյուղվարկեր են վերցնում, մեքենա գնում, խմում, մեքենան խփում պատին ու ասում՝ կառավարություն, բա մեզ համար բան չես անո՞ւմ: Ի՞նչ անի կառավարությունն այդ մարդկանց համար: Մարդիկ վարկ են վերցնում, քեֆ անում, գալիս ցույց անում ու հարցնում՝ բա մեր տոկոսը չեք տալիս: Ինչո՞ւ: Ամեն մարդ պետք է իր պատասխանատվությունն ունենա»:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում հստակ քաղաքականություն է վարվում, որպեսզի բանկային տոկոսներն իջնեն. «Բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, որովհետև կառավարությունը չէ ձեր վարկը վերցրել: Այլ խոսակցություն է, որ մենք կարող ենք աջակցել, որպեսզի վարկը վերակառուցվի, որպեսզի դուք կարողանաք աշխատել: Մենք չպետք է մտնենք բանկի ու գործարարի միջև, մենք պետք է չխանգարենք»:

 

Նույն շարքից