Հայաստան 

Հայաստանն ու Իրանը կսերտացնեն փոխգործակցությունը զբոսաշրջության բնագավառում

Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հուշագիր: Այն ուղղված է երկու պետությունների միջև զբոսաշրջության բնագավառում առավել սերտ համագործակցության ապահովմանը` զբոսաշրջության բնագավառի տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանն աջակցության, զբոսաշրջության պետական կարգավորման բնագավառում փորձի փոխանակման, զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման և այլ ուղղություններով: Ակնկալվում է, որ այն կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

 

Հուշագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում:  

 

Հուշագրի շրջանակներում կողմերն իրենց պետական իրավասու մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության բնագավառում ներդրողների, պետական և մասնավոր հատվածների, զբոսաշրջային և ճամփորդական կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

 

Հուշագրի շրջանակներում կողմերն կաջակցեն տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորմանը և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանն  ու խթանմանը:

 

 

Հուշագրի ստորագրմամբ կողմերն իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան կնպաստեն երկու երկրների զբոսաշրջիկների ու զբոսաշրջային տրանսպորտի համար սահմանային անցման ընթացակարգերի դյուրացմանը:   

 

 

Միաժամանակ, համակարգված հիմքերի վրա կդրվի երկու երկրների միջև միջազգային և ներքին զբոսաշրջության հարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների, վիճակագրության, ինչպես նաև երկու երկրների պատմա-մշակութային ժառանգության, ավանդույթների, ավանդական տոնակատարությունների, բնական և զբոսաշրջային այլ  ռեսուրսների վերաբերյալ  տեղեկատվական նյութերի, երկու երկրներում կայանալիք զբոսաշրջային միջոցառումների ժամանակացույցերը փոխանակումը, ինչը կնպաստի միմյանց զբոսաշրջային արդյունքի ճանաչմանը և խթանմանը:

 

Նույն շարքից