Տնտեսություն գլխավոր 

Սերգեյ Բագրատյանը մեղադրում է ՀՀ խոշորագույն ներդրողներին՝ հիմնվելով Սիլվա Համբարձումյանի չապացուցված հայտարարությունների վրա՞

2019թ. փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր. «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի՞ մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ…»:

Բագրատյանի այս հայտարարությունից հետո «Լիդիան Արմենիան» ընկերության իրավաբանները հայց ներկայացրեցին ընդդեմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել հերքել և դրամական փոխհատուցում տալ՝ զրպարտության համար:

Սակայն, Բագրատյանն ավելի ուշ հայտարարեց, որ ինքը «Լիդիան Արմենիան» ընկերությանն ի նկատի չի ունեցել, ինչպես նաև հղում արեց Սիլվա Համբարձումյանին՝ նշելով, թե վերջինս լինելով հանքարդյունաբերող, ապացուցել է, որ բոլոր թույլտվությունները կաշառքով է ստացել: Ավելի ուշ Բագրատյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ էլ մի շարք հայտարարություններ արեց՝ նորից նշելով, որ ինքը «Լիդիան Արմենիան» ընկերությանն ի նկատի չի ունեցել. «Երբ ասացի, որ կարծում եմ՝ «Լիդիան Արմենիան» չպետք է շարունակի շահագործել Ամուլսարը, բնականաբար, իրենց մոտ դա հակադարձ ռեակցիա առաջացրեց: Իսկ իմ խոսքից մեջբերված հատվածում ասում եմ՝ իրենցից կաշառք են վերցրել նախորդ իշխանությունները: Հիմա, եթե «իրենցից»-ի տակ հասկացել են «Լիդիան Արմենիան», ուրեմն իրենք իրենց նման գործարքի մեջ կասկածում են»:

Նախ՝ հետաքրքիրն այն է, որ Սերգեյ Բագրատյանը հղում է անում Սիլվա Համբարձումյանին՝ հայտարարելով, թե վերջինս ապացուցել է, որ կաշառքով է ստացել իր լիցենզիաներն այն դեպքում, երբ չկա որևէ դատավճիռ Սիլվա Համբարձումյանի կողմից արված հայտարարությունների մասով: Փաստացի, Բագրատյանը մեղադրում է հանքարդյունաբերող ընկերություններին՝ այս դեպքում «Լիդիան Արմենիան» ընկերությանը և ՀՀ նախկին կառավարությանը լուրջ հանցագործության մեջ՝ հղում անելով օդից կախված լուրերին, քանի որ նույն Սիլվա Համբարձումյանի հայտարարություններից և ոչ մեկի հետ կապված չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Շատ ավելի հետաքրքիր է Բագրատյանի այն հայտարարությունը, որ ինքը պատասխանել է քաղաքացու տված հարցին առ այն, թե ինչո՞ւ են նման ծրագրերը կառավարության կողմից լիցենզիա ստանում՝ ասելով, որ իրենցից կաշառք են վերցնում:

Հիշեցնենք Սերգեյ Բագրատյանին, որ վերջինս այն ժամանակահատվածում, երբ «Լիդիան Արմենիան» սկսել էր գործունեություն ծավալել ՀՀ-ում, զբաղեցնում էր Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը, ինչը նշանակում է, որ հենց ինքն էր կառավարության ներկայացուցիչն այն մարզում, որտեղ հանքարդյունաբերող ընկերությունը նոր-նոր սկսում էր գործունեություն ծավալել: Այստեղից, կարող ենք ենթադրել, որ Բագրատյանն, անելով նման մեղադրական հայտարարություն, տիրապետում է որոշ տեղեկությունների, որոնք կարող են իրենց մեջ հանցագործությունների տարրեր պարունակել: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ դրանց մասին Բագրատյանը չի ասում իրավապահ մարմիններին, այլ անանուն հայտարարություններ է անում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Մյուս կողմից, եթե չի տիրապետում որևէ հստակ տեղեկության, չկա էլ նման տեղեկություն, սակայն հղում անելով դեռևս չհաստատված, գուցե հետագայում էլ չհաստատվող տեղեկություններին՝ Սիլվա Համբարձումյանի ասածներին, նման հայտարարություն է անում, ապա կարող ենք եզրահանգել, որ իրականում «Լիդիան Արմենիան» ընկերությանը վարկաբելու և զրպարտելու միտում ունի:

 Analitik.am-ը փորձեց կապ հաստատել Սերգեյ Բագրատյանի հետ՝ ճշտելու համար այս հարցերը, սակայն վերջինս որևէ կերպ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մեզ հաջողվեց զրուցել «Լիդիան Արմենիան» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանի հետ՝ հասկանալու համար ընկերության դիրքորոշումը Բագրատյանի հայտարարությունների մասով: Մելքումյանն ասաց, որ փետրվարի 17-ին Սերգեյ Բագրատյանի հայտարարությունն ինքնին զրպարտություն էր և «Լիդիանը», օգտվելով օրենքով սահմանված իրավունքից, դատական հայցով դիմել է դատարան։

Իրավաբանի խոսքով, զարմանալի է, որ, լինելով ԱԺ պատգամավոր, Բագրատյանը տեղյակ չէ, որ զրպարտության վերաբերյալ դատարանում բոլոր գործերում զրպարտողն է կրում ապացուցելու բեռը, տվյալ դեպքում Սերգեյ Բագրատյանը։ Մելքումյանը նաև նշեց, որ տեսաերիզում հստակ երևում է, որ Սերգեյ Բագրատյանը հայտարարությունն անելիս հստակ շեշտել է, որ «ամենայն պատասխանատվությամբ» է ասում։ Այսինքն՝ վստահեցնում է, որ ընկերությունը կաշառք է վերցրել նախկին իշխանություններից։

Նշենք, որ սա միակ հայցը չէ, որով «Լիդիան Արմենիան» ընկերությունը դատարան է դիմել՝ պաշտոնապես դիմում է ներկայացվել և խնդրել են իրենց տրամադրել այն երեք միջազգային եզրակացությունները, որի մասին հանդիպման ժամանակ  խոսել էր Սերգեյ Բագրատյանը։

Հաշվի առնելով այն փաստը, որ Վայոց Ձորի մարզպետ եղած ժամանակահատվածում Սերգեյ Բագրատյանը և «Լիդիան Արմենիան» ընկերությունը պետական պահուստային հողերի վարձակալման հետ կապված պայմանագրերի ստորագրման ընթացքում առնչություն են ունեցել, կարծում ենք՝ իրավապահ մարմինները պետք է հարցաքննեն Սերգեյ Բագրատյանին և պարզեն, թե այդ ի՞նչ տեղեկությունների է վերջինս տիրապետում, որ ՀՀ խոշորագույն ներդրողներից մեկի մասին նման հայտարարություններ է անում՝ այն էլ ամենայն պատասխանատվությամբ: Եթե պարզվի, որ Բագրատյանն ուղղակի հայտարարություններ է արել՝ հիմնվելով Սիլվա Համբարձումյանի չապացուցված հայտարարությունների վրա, ապա պետք է իրավական գործընթացը հնարավորինս թափանցիկ և օրինական ընթանա, որպեսզի այսուհետ որևէ կազմակերպության հասցեին հնարավոր չլինի անհիմն մեղադրանքներ հնչեցնել՝ տարբեր նպատակներով, քանի որ դա միանշանակ կարող է ազդել ներդրում անել ցանկացող կազմակերպությունների որոշման վրա:

Նույն շարքից