Այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` խոսելով հանրության հուզող հիմնական խնդիրների մասին, դրանք բաժանեց 5 մասի` հավելելով, որ հենց այդ 5 եզրահանգումների վրա էլ ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական օրակարգը:
ՕԵԿ-ի նախագահի եզրահանգումները հետևյալն են.
1.Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է միահեծան, առանց քաղաքական հակակշիռ ունեցող, միակուսակցական իշխանական համակարգ: Իրական կոալիցիների բացակայությունը բացառում է համախմբումը իշխանության շուրջ, ինչը հակասում է ժողովրդավարական երկրներում գործող կառավաման սկզբունքներին, մեծացնում է կոռուպցիան, անպատասխանատվությունը և ամենաթողությունը:
2.Տնտեսական ոլորտ- Հայաստանում մենաշնորհային տնտեսության խորացումը, գործարար միջավայրի անհույս վիճակը, նորարական գործիքների բացակայությունը, գործարարների նկատմամբ ուժեղացող ճնշումները, հստակ պետական նպատակային ծրագրերի բացակայությունը տնտեսության մեջ անորոշություն է առաջացնում: Աշխարհի զարգացող երկրներում նորարարական մեթոդներ են կիրառվում, իսկ Հայաստանը շարունակում է ապրել «յոլա գնալու» տարբերակով: ՕԵԿ-ը կողմ է ռազմավարական երկարաժամկետ ծրագրերին, կանխատեսելիության մթնոլորտի ձևավորմանը:
3.Սոցիալական եզրահանգումն այն է, որ ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, զանգվածային գործազրկությունը, սակագների թանկացումը: Չկան այն գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց տալ սեփական երկրում ապրելու հույս, հավատ: Հասարակությունը չի տեսնում այն գործիքները, որոնց կիրառվելու դեպքում քաղաքացու կյանքում ինչ-որ բան կփոխվի:
4.Իրավական եզրահանգում-Հայաստանում, ցավոք, տենդենց է դառնում անօրինականությունների օրինականացումը օրենքի անունից: Օրենքների լեգիտիմության աստիճանը ԱԺ-ում նվազում է: Հիմնական քաղաքական ուժերը դերակատարում չունեն ընդունվող օրենքների մեջ, որի արդյունքում շատ հաճախ այդ օրենքները, ոչ թե պաշտպանում, այլ ոտնահարում են մարդկանց շահերը: Բացի դրանից վատ է նաև, որ օրենքները հաճախ են փոփոխության ենթարկվում, իսկ հանրությունը վատ է տեղեկացվում այդ մասին:
5.Արտաքին քաղաքականություն-Մտահոգիչ զարգացումներ կան, ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում, քանի որ ՀՀ-ԵՄ բարեփոխումների քաղաքական օրակարգն այսօր չի գտնվում բավարար հիմքերի վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության հետ կապված վերջին զարգացումները ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա մեր երկրում ագրեսիվ, պատրաստված, գրագետ թիմ ստեղծելու, որը կարող է իսկապես բանակցություններ վարել երկու կողմերի հետ էլ: Չպետք է հակադրության մեջ դնել սրանք: Պետք է այնպես անել, որ սրանք հարմարեցվեն ՀՀ-ի շահերին: