Քաղաքական Վերլուծական Բարի օր 

Քաղաքացին պետք է ձգտի իրենից մի քանի անգամ խելացի իշխանություն ընտրել. Անի Հովհաննիսյան

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովրդավարությունն ամենևին չի նշանակում, որ ժողովրդի վստահության քվեին արժանացած իշխանության ձախողումը ժողովրդի ձախողումն է: Նախ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին ձևակերպումը չպետք է հասկանալ ուղիղ իմաստով, սա նշանակում է, որ քաղաքացին լիազորում է այս կամ այն ուժին իրացնել իր իրավունքները և կայացնել որոշումներ: Այն, որ քաղաքացին սխալ որոշում կարող է կայացնել որևէ կերպ չի կարող նշանակել, որ վերջինս հիմար է, զոմբի է և այլն, քանի որ քաղաքացին պարտավոր էլ չէ խորապես հասկանալ քաղաքական գործընթացները և գուշակել, թե ով է իրեն խաբում, ով ում խաղն է խաղում և այսպես շարունակ...

Միևնույն ժամանակ, քաղաքացին պետք է ունենա գիտակցություն և կարողանա որոշումներ կայացնել առանց էմոցիաների, այսինքն՝ քվեարկի չոր հաշվարկով՝ իմանալով, թե կոնկրետ ինչի համար է քվեարկում այս կամ այն ուժի օգտին: Սակայն, նման աստիճանի հասնելու համար, պետք է մանկապարտեզից սկսած քաղաքացու մոտ զարգացվի այդ մտածելակերպը՝ ռացիոնալ մոտեցում, սեփական իրավունքների ու պարտականությունների գիտակցում, պետականամետ մտածողություն և այլն...

Ո՞վ պետք է սա անի, առաջին հերթին՝ իշխանությունը, որն ինքը պետք է լինի վերոնշյալ մտեցումների կրողը, բայց այն այդպիսին չի կարող լինել, քանի որ քաղաքացիները, որոնք ընտրել են իրեն, այդպիսին չեն և առաջնորդվել են էմոցիաներով... Այստեղից հետևություն. քաղաքացին պետք է ձգտի ընտրել այնպիսի իշխանություն, որն իրենից մի քանի անգամ խելացի է, ոչ թե զգացմունքներ տածի այդ իշխանության նկատմամբ, այլ կոնկրետ պահանջներ դնի ու լուծումներ պահանջի...

Հ.Գ. Ինչ վերաբերում է իշխանության ձախողվելուն, ՈՉ ՄԻ քաղաքացի մեղավոր չէ դրանում, քաղաքացին կարող է սխալվել, իսկ իշխանության գալու հայտ ներկայացրած, խոստումներ տված և քաղաքական հայտարարություններ արած ուժը՝ երբեք, իսկ սխալվելու դեպքում էլ պարտավոր է պատասխան տալ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահել են իրեն...»:

 

Նույն շարքից