Քաղաքական 

Վարչապետը նման է խիստ ծնողի. ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյան

Մեզ համար առաջնային նպատակ չէ վարկանիշը, դա ասում եմ մեր թիմակիցների անունից: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անեն իշխանությունները, որպեսզի արդարացնեն հասարակության սպասումները և չունենան վարկանիշի անկում. «Մեկ այլ բան է, երբ քեզ համար կարևոր է, թե ինչ վարկանիշ կունենաս և այդ պոպուլիստական գործունեությունը, մենք արդեն ներծծված ենք այդ պոպուլիզմով, մեզ համար շատ կարևոր է, թե մարդն ինչ է ասում, քան՝ ինչ է անում: Հետևաբար մենք դա թողել ենք մի կողմ և հանգիստ ընդունում ենք բոլոր քննադատությունները, հիասթափությունները: Մենք վստահ ենք, որ ժամանակի ընթացքում գործն է իր ասելիքն ասելու»:

Բադալյանի խոսքերով, սոցիալական մեդիայում պատկերն այլ է. «Հիշենք ընտրությունները: Երբ հետևում էիր քննարկումներին, տպավորություն կար, որ մենք ԱԺ անցնելու քիչ հնարավորություն ունենք: Սակայն փաստը ցույց տվեց հակառակը: Այդպիսին է սոցիալական մեդիայի, մասնավորապես Ֆեյսբուքի կարծիքը, որը հիմնականում ուղղորդվում է: Հաշվի առնելով մեր հասարակության կրթության մակարդակը, որը, ցավոք սրտի, շատ բարձր չէ, հետևաբար շատ հեշտ է կառավարել: Այդ նույն մեթոդներին մենք էլ ենք տիրապետում և կարող էինք հակառակն անել՝ մի քանի լրատվական կայք բացել, պայքարի մեջ մտնել: Դրա ձևերը գիտենք, սակայն դա տանում է ժամանակ և ռեսուրս, որը մենք կարող ենք ուղղորդել բուն գործերին: Խոսում ենք 8-9 ամսվա մասին, դա հրաշքներ գործելու համար բավարար չէ: Ավելի հեշտ է ինչ-որ բան սկսել զրոյից, քան քանդածից: Այսինքն, նախ պետք է կարգի բերել, հասցնել զրոյական մակարդակի, հետո սկսել կառուցել: Այդ իմաստով մեկ տարին էլ բավարար չէ: Որևէ մեկը չի կարող ժխտել, որ աշխատանք տարվում է բոլոր ոլորտներում»:

Պատգամավորը կարծում է՝ երբ արդյունքները սկսեն երևալ, դրանք ի հայտ կգան արագ-արագ. «Եթե հասարակության հիասթափությունն էլ կա, այն կսկսի թուլանալ այն պահից, երբ կերևա արդյունքը»:

Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հայտնի ստատուսին, Բադալյանը նշել է, որ այն հայտնի ասույթի վերափոխված տարբերակն է. «Երբեմն վարչապետի կարծիքը սուր է հնչում, բայց դա չի նշանակում, թե վարչապետն ուզում էր ասել, որ իշխանությունը ոչինչ չի անելու: Վարչապետը շատ նման է այն խիստ ծնողներին, ովքեր անընդհատ փորձում են երեխային սթափ վիճակում պահել: Բայց դա չի նշանակում, որ այդ ծնողը ոչինչ չի անում երեխայի համար: Հակառակը՝ անում են շատ ավելին, քան՝ երեխան կարող է գիտակցել»:

Նույն շարքից