Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը: