Փետրվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափտլեյնիին՝ ուղեկցությամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց երկու երկրների Զինված ուժերի հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ այն կարևոր և օգտակար նկատելով փորձի փոխանակման և բանակում հոգևորականների ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանը և եկեղեցականների ծառայությանը` ընդգծելով, որ այն կարևոր դերակատարություն ունի: Նորին Սրբությունը փաստեց, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայ Եկեղեցին ու նրա սպասավորները մշտապես կանգնած են եղել հայ զինվորականի կողքին՝ միասնաբար պայքարելով հայ ժողովրդի ազատության և հայոց անկախ պետականության կերտման ու պաշտպանության համար:
Կանադայի ԶՈՒ առաջնորդը ևս իր այցը Հայաստան լավագույն առիթ նկատեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդության հետ կիսվելու զորամասերում հոգևոր ծառայության իրականացման փորձով և ոլորտին առնչվող համապատասխան գիտելիքներով: Վարդապետ Չափտլեյնին ևս կարևորեց հոգևորականի՝ զինվարականի կողքին լինելը, հատկապես դժվարին պայմաններում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրհնելով Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդին, նրան մաղթեց Աստծո օգնականությունը սրբազան և պատասխանատու առաքելության մեջ:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հիւրընկալեց Կանադայի Զիւած ուժերի հոգեւոր առաջնորդին
Փետրուարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափտլեյնիին՝ ուղեկցութեամբ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանի եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ողջունեց երկու երկրների Զինուած ուժերի հոգեւոր առաջնորդների փոխգործակցութիւնը՝ այն կարեւոր եւ օգտակար նկատելով փորձի փոխանակման եւ բանակում հոգեւորականների ծառայութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու տեսանկիւնից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձ կատարեց Հայոց բանակի հոգեւոր առաջնորդութեան գործունէութեանը եւ եկեղեցականների ծառայութեանը` ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարութիւն ունի: Նորին Սրբութիւնը փաստեց, որ հայ ժողովրդի պատմութեան ընթացքում Հայ Եկեղեցին ու նրա սպասաւորները մշտապէս կանգնած են եղել հայ զինուորականի կողքին՝ միասնաբար պայքարելով հայ ժողովրդի ազատութեան եւ հայոց անկախ պետականութեան կերտման ու պաշտպանութեան համար:
Կանադայի ԶՈՒ առաջնորդը եւս իր այցը Հայաստան լաւագոյն առիթ նկատեց Հայոց բանակի հոգեւոր առաջնորդութեան հետ կիսուելու զօրամասերում հոգեւոր ծառայութեան իրականացման փորձով եւ ոլորտին առնչուող համապատասխան գիտելիքներով: Վարդապետ Չափտլեյնին եւս կարեւորեց հոգեւորականի՝ զինվարականի կողքին լինելը, յատկապէս դժուարին պայմաններում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրհնելով Կանադայի ԶՈՒ հոգեւոր առաջնորդին, նրան մաղթեց Աստծոյ օգնականութիւնը սրբազան եւ պատասխանատու առաքելութեան մէջ: