Գլխավոր Հասարակություն 

Հիմնադրամին նվիրատվությունն արվել է երեխաների Ամանորյա բացիկների վաճառքից գոյացած գումարից

analitik.am

2018թ. ամռանը հիմնադրված «City of smile» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, հրապարակել է բարեգործական փոխանցումների ցուցակը:

Ըստ հիմնադրամի կայքում հրապարակված ցանկի, ամենախոշոր չափի նվիրատվությունը եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից՝ 51,000,000.00 ՀՀ դրամի չափով: Հիմնադրամին բավականին խոշոր չափի գումար են փոխանցել նաև գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող 4 ընկերությունների անունից՝ մոտ 17 միլիոն ՀՀ դրամի չափով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից՝ 14 մլն ՀՀ դրամ:

Եթե բանկերի, հայաստանցի գործարարների, խոշոր ձեռնարկությունների հիմնադրամին գումար փոխանցելու փաստը հասկանալի է, ապա մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչ միջոցներից են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցումներ կատարել ՊՈԱԿ-ները, որոնց հիմնական ֆինանսավորման աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է:

Հիմնադրամին գումար փոխանցած ՊՈԱԿ-ների թվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը հիմնադրամին է փոխանցել 100 000 ՀՀ դրամ:

Analitik.am-ը զրուցեց վերջինիս տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ, ով հայտնեց, որ գումարը փոխանցվել է թանգարանի արտաբյուջետային միջոցներից, որոնք կուտակվում են լավ աշխատանքի արդյունքում: Թուխիկյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ թանգարանը բարեգործական նպատակով գումար է փոխանցում: «Նախորդ տարիներին փոխանցումներ ենք արել նաև արյան քաղցկեղով հիվանդներին և վիրավոր զինվորներին օգնելու նպատակով»:

Հիմնադրամին՝ ՊՈԱԿ-ի համար բավականին խոշոր չափի փոխանցում է կատարել նաև Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը՝ 400.000 ՀՀ դրամ: Analitik.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Ստեփանյանը նշեց, որ գումարը հավաքվել է Ամանորից առաջ երեխաների կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառի ժամանակ. «Երեխաներն իրենց ձեռքով պատրաստում են բացիկներ, տոնածառի խաղալիքներ և վաճառում են ծնողներին, ուսուցիչներին, համադասարանցիներին: Վաճառքից ստացված գումարը կազմել է 1.200.000 ՀՀ դրամ, որից 200.000 փոխանցվել է անհատական մեկ երեխայի, 400.000-ը՝ «Հայ մայրեր» հիմնադրամին և այլ բարեգործական կազմակերպություններին»:

Նատալյա Ստեփանյանը նաև վստահեցրեց, որ վաճառքի բոլոր կտրոնները հրապարակված են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքից ազատել էր Նատալյա Ստեփանյանին՝ հեռացման հիմք ընդունելով 2014-ի հունվարի 15-ին կնքված պայմանագրի ժամկետի լրանալը:

Նշենք նաև, որ Նատալյա Ստեփանյանին 2015-ին անդրադարձ էր կատարել նաև Armtimes.com կայքը, որի գլխավոր խմբագիրն է Աննա Հակոբյանը: Հոդվածում քննադատվում էր դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցելու արատավոր պրակտիկան՝ որպես օրինակ մատնանշելով նաև Նատալյա Ստեփանյանին:

Իզաբել Սահակյան

Նույն շարքից